Ընկերներիցս մեկի մոր հոնքերի մեջտեղում խոր կնճիռ կար: Ես նայում էի այդ կնոջ դեմքին ու մտածում, որ երբեք չէի ուզի նման կնճիռ ունենալ: Այնքան էի տարվել այդ մտքով, որ ինձ համար նույնիսկ բանաձև էի մշակել. երբ դժգոհ ես անընդհատ ու ամեն ինչից, հոնքերդ մի՛ կիտիր: Եվ հետևաբար պետք է անել ամեն բան, որ կյանքում դժգոհությունները հնարավորինս քիչ լինեն: Շատ ժամանակ է անցել, բայց ես փորձում եմ տարիներ առաջ մշակած իմ այդ բանաձևը չխախտել:
Ամեն անգամ, երբ լսում եմ որևէ կնոջ հաղթանակի կամ հաջողության մասին, հոգիս սկսում է ժպտալ, որովհետև մեզանից յուրաքանչյուրն արժանի է լինել սիրված ու հասկացված: Ժամանակն է, որ կինն ունենա իր տեղը հասարակության մեջ, որ նրա կարծիքն ու ցանկությունները լինեն իրենը, այլ ոչ` պարտադրված: Ես հիանում եմ ուժեղ, ինքնուրույն ու համարձակ կանանցով:
Աշխարհը չի սահմանափակվում չորս պատով
Ուզում եմ քեզ մի ինքնամփոփ ու մոլորված երիտասարդ աղջկա մասին պատմել, ով, երկար ճանապարհ անցնելով, իմ աչքի առաջ դարձավ ինքնուրույն և ուժեղ կին: Ծանոթացել էինք տարիներ առաջ և վերջերս պատահաբար հանդիպեցինք: Այն ժամանակ նա քսաներկու տարեկան էր` երիտասարդ, գեղեցիկ, բայց մարած աչքերով: Մենք ծանոթացել էինք «Կանանց ռեսուրսային կենտրոնում», երիտասարդ մայրիկների և նրանց երեխաների համար իրականացվող ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն էր աջակցել երիտասարդ կանանց, հիշեցնել նրանց, որ բացի մայր ու տնային տնտեսուհի լինելուց, նրանք նաև կին են, որ աշխարհը չի սահմանափակվում այն չորս պատով, որ իրենք ամեն օր տեսնում են:
Կային կանայք, ովքեր ապրում էին ութհոգանոց ընտանիքում` սկեսուր-մայրիկի, սկեսրայր-հայրիկի և ամուսնու ողջ գերդաստանի հետ մի կտուրի տակ, «եփում-թափում» նրանց բոլորի համար՝ միաժամանակ մեծացնելով իրենց երեխաներին: Կային այնպիսիք, ովքեր չէին ապրում ամուսնու ծնողների հետ, սակայն ընտանիքը քանդվելու եզրին էր, քանի որ չկար ջերմություն, սեր և փոխըմբռնում: Կանայք տարբեր էին, սակայն նրանց բոլորին միավորում էր երջանիկ լինելու ցանկությունն ու ձայն ունենալու իրավունքը:
Բոլոր հանդիպումների ժամանակ այդ աղջիկը լուռ էր: Նա չէր խոսում, չէր պատմում ոչինչ. միայն լսում էր ուրիշների պատմությունները:
Ընդհատված երազանք
Իմ ուշադրությունը գրավեց այդ անսահման գեղեցիկ, բայց անկենդան հայացքով աղջիկը: Նա կանգնած էր պատուհանի մոտ. նրա աչքերից արցունքներ էին հոսում: Ես մոտեցա, սակայն չգիտեի ինչ խոսել: Իմ փոխարեն խոսեց ինքը. «Այսօր իմ աղջիկը կարող էր դառնալ չորս ամսական: Երբ դեռ փոքր էի, երազում էի աղջիկ ունենալ: Ուզում էի նրա համար գունավոր շորիկներ կարել, ուրախ մազակալներով պոչիկներ կապել: Աստված ինձ ուղարկեց աղջկաս: Ու հետո, երբ նորից հղիացա, իմ երկրորդ աղջիկն արդեն չծնվեց»:
Չգտեի` ինչ ասել: Ցավալի է, բայց կանայք հաճախ են վիժում, պարզապես պետք է չհուսահատվել: Սակայն, ինչպես ավելի ուշ պարզվեց, պատճառն ամենևին էլ վիժումը չէր: Նրան ստիպել էին հրաժարվել երեխայից, ստիպել էին ընդհատել հղիությունը:
«Ես զգացել եմ, ինչպես էր շարժվում աղջիկս, լսել եմ նրա սրտի զարկերը: Երևի զգում էր՝ ինչ պիտի անեի հետը և այդ պատճառով էլ երկար ժամանակ չէր թողնում տեսնենք՝ աղջիկ է, թե տղա: Ես, իհարկե, ուզում էի աղջիկ երեխա ունենալ, բայց ինձ համար կարևորը երեխայիս առողջությունն էր, ոչ թե սեռը: Ով ինձ տեսնում էր, ասում էր, որ տղա եմ ունենալու: Ամուսինս արդեն տղայի անունն էր որոշում: Մի անգամ հարցրեցի. «Իսկ եթե նորից աղջիկ լինի՞»։ Ասաց՝ կհանե՛ս….Կարծում էի՝ կատակում է…»։
Այդ օրը հանդիպման թեման հղիության արհեստական ընդհատումն էր: Խոսվում էր այն մասին, որ հղիությունն ընդհատելու վերջնական որոշումը կինը պիտի ընդունի, քանի որ մարմինն իրենն է: Կինն է 40 շաբաթ շարունակ տանում տարբեր դժվարություններ` սրտխառնոց, ցավեր, ծանրություն, մարսողական խնդիրներ: Բացի այդ, փոխվում են հարաբերություններն ամուսնու հետ, ինչպես նաև մարմնի հետ են տարբեր փոփոխություններ կատարվում: Իսկ երեխայի ծննդից հետո կինը կտրվում է աշխատանքից, կարիերան մղվում է երկրորդ պլան, անքուն գիշերներ ու հոգնած առավոտներ է ունենում:Կանայք պիտի իմանան, որ վերջնական որոշումն իրենցն է:
Ալվինան լուռ լսում էր, և արցունքներն անդադար գլորվում էին աչքերից:
Հղիությունն ընդհատել պահանջել էին նրա ամուսինն ու սկեսուրը՝ պատճառաբանելով, որ հնարավորությունները չեն ներում երկրորդ երեխա ունենալու: Հարկավոր էր մի քիչ սպասել, մինչև ամուսնու գործերը կարգավորվեին: Եվ ի վերջո, բոլորովին անիմաստ էին համարում երկրորդ աղջիկն ունենալ, եթե մեկն արդեն կար: Երկրորդն անպայման պետք է տղա լիներ: Ալվինան ընդհատել էր 17 շաբաթական հղիությունը:
Աբորտից հետո Ալվինայի մոտ սկսվել էին մի շարք կանացի խնդիրներ: Սակայն սկեսուրը որոշել էր, որ բուժման կարիք չկա, քանի որ բոլորի մոտ էլ լինում են նման բարդություններ, և պարզապես հարկավոր էր սպասել, մինչև այդ խնդիրներն ինքնուրույն անհետանան:
Երեխան պիտի ծնվի
Աբորտից հետո Ալվինայի և ամուսնու հարաբերությունները կտրուկ փոխվել էին: Ճիշտ է՝ նա սիրում էր ամուսնուն, բայց այլևս չէր կարողանում նրա կողքին գտնվել: Նա չէր կարողանում ներել ո՛չ իրեն և ո՛չ էլ ամուսնուն:
«Կանանց ռեսուրսային կենտրոնում» Ալվինայի հետ աշխատող մասնագետներն անում էին ամեն ինչ՝ Ալվինային այդ վիճակից դուրս բերելու համար: Նա պետք է կարողանար նորից հավատալ իր ուժերին, վերագտնել իրեն. դրանից էր կախված նրա երջանկությունն ու ընտանիքի ապագան:
Հանդիպումների ժամանակ Ալվինան լսում էր մյուս կանանց պատմությունները, տեսնում, թե ինչպես են երիտասարդ աղջիկներն օրեցօր ավելի ու ավելի ինքնուրույն դառնում: Հեշտ չէ կրկին կյանք վերադառնալ ու ինչ-որ բանի հավատալ, երբ կոտրված ես: Սակայն այդ հանդիպումները նրան կարծես օգնում էին. նրա հայացքն աստիճանաբար սկսում էր կենդանանալ:
Ուզում եմ, որ ապրես
Մի անգամ Ալվինան սկսեց խոսել: Ոչ մի հարց նրան չէր տրվել: Ուղղակի հասունացել էր այդ պահը, երբ նա պիտի խոսեր ու ասեր իր մեջ կուտակվածը: «Ընտանիքում որոշումներ պետք է կայացնեն միայն երկու հոգի` կինը և ամուսինը: Երկուսով պետք է որոշեն երեխաների ծնունդը, հղիությունը ընդհատելը կամ շարունակելը, սակայն, եթե նրանք չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, վերջնական որոշումը պետք է ընդունի կինը, անկախ որևէ մեկի կարծիքից և ցանկությունից»:
Փոքրիկ ու անվստահ, ճնշված ու անհամարձակ աղջիկը դարձել էր մեկը, ով հստակ գիտե` ինչ է ուզում և ինչ է անում: Նրա այդ կերպարանափոխությունը զարմացած ու բավարարված հայացքներ առաջացրեց ներկաների դեմքին…
Մի օր մենք պատահաբար հանդիպեցինք փողոցում: Ալվինայի գրկում հրեշտակ կար` կապուտաչյա գեղեցկուհի: Նա որոշել էր նորից բալիկ ունենալ ու այս անգամ իր որոշման մեջ հաստատուն էր:
Սկեսուրը պնդել էր, որ Ալվինան պարզի երեխայի սեռը, ու եթե կրկին աղջիկ է, ապա… Բայց այս անգամ Ալվինան ու նրա ամուսինը հաստատակամ էին: Երեխան կծնվի… անկախ սեռից: Ալվինայից շատ ժամանակ էր պահանջվել ամուսնու վերաբերմունքը փոխելու համար, բայց նա ի վերջո հաջողել էր: Եվ նրանք երկուսով անհամբեր սպասել էին իրենց երկրորդ աղջկա լույս աշխարհ գալուն:
«Ամուսինս ասում է, որ ունի երկու աղջիկ ու որ հարյուր տղայի հետ անգամ չի փոխի նրանց: Ես երջանիկ եմ, որովհետև ունեմ լիարժեք ընտանիք, որտեղ բոլորն իրար հարգում են և աջակցում: Ես երբեք չեմ կարողանա ներել ինձ իմ բալիկի կյանքը խլելու համար ու այլևս երբեք ոչ ոք ու ոչինչ չի կարող ինձ ստիպել նման քայլի դիմել: Աշխարհում ամենալուսավորը, ամենաթանկն ու կարևորը երեխաներն են: Մենք ունենք երկու աղջիկ ու հպարտանում ենք նրանցով»:
Մենք իրար հրաժեշտ տվեցինք: Ես դեռ երկար նայում էի իր երկու աղջիկների հետ հեռացող Ալվինային: Նրանք այնքան ներդաշնակ էին, այնքան ամբողջական: Հոգիս նորից ժպտաց…
Երանի բոլոր կանայք կարողանան իրենց մեջ ուժ գտնել ու պայքարել հանուն իրենց շարունակության, հանուն իրենց երեխաների: Հանկարծ ուղեղումս հարց ծագեց. «Իսկ ես կուզեի տղա՞, թե՞ աղջիկ ունենալ»։ Իհարկե հիմար հարց է: Ուզում եմ ունենալ առողջ ու երջանիկ երեխաներ:
Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պատճառով տարեկան 1 400 աղջիկ լույս աշխարհ չի գալիս:
Աղբյուրը` ՄԱԿ-ի ժողովրդագրության հիմնադրամի, Հայաստանի առողջապահության նախարարության և Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի համատեղ հետազոտություն:
Պաշտոնական վիճակագրական տվյալներով` 1993 թ.-ից սկսած նորածինների սեռերի հարաբերակցությունը կազմում է 110-120 տղա` 100 աղջկա դիմաց: Միաժամանակ բնական հարաբերակցության դեպքում 100 աղջկա դիմաց 102-106 տղա պետք է լինի:
Ուսումնասիրությանը մասնակցած սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանի խոսքերով՝ Հայաստանում վերջին 10 տարիներին աղջիկներ զգալիորեն քիչ են ծնվել, քան տղաներ: Նման շեղումների պատճառը հղիության` սեռով պայմանավորված ընդհատումներն են:
Հետազոտությունն իրականացվել է 2011 թվականին 2 830 ընտանիքում, 15-49 տարեկան կանանց շրջանում:
Ըստ հետազոտության` Հայաստանում կանանց 0,8%-ը վերջին 5 տարիների ընթացքում արհեստականորեն ընդհատել է հղիությունը սեռի պատճառով: