Եթե դուք դեռ չեք հավատում, որ ԱՄՆ-ում տարեկան 480000 մարդ է մահանում ծխախոտի ծուխից, ապա նայեք նրա բաղադրությանը։ Ծխախոտը միջինում պարունակում է 600-ից ավել տարբեր քիմիկատներ, հաղորդում է The Medical Daily-ին։

«Ծխախոտի ամենակարեւոր խնդիրներից մեկը այն է, որ դրանում առկա են բազմաթիվ հավելանյութեր, որոնք ծխախոտի տերեւները չեն պարունակում իրենց մեջ»,- The Medical Daily-ին ասել է Մաունթ Սինաի համալսարանի բնապահպանության եւ առողջապահության բաժնի գիտաշխատող Դոկտոր Լուս Կլաուդիոն։ Իրավիճակը ավելի սրվում է այն ժամանակ, երբ այդ գոյացությունները այրվում են։ Դրանք ձեւավորում են հավասարապես վտանգավոր քիմիական նյութեր»։

Մինչ ծխախոտ արտադրող ընկերությունները (օրինակ, R.J. Reynolds-ը) պնդում են, որ ծխախոտում առկա շատ բաղադրիչներ կան նաեւ բազմաթիվ մթերքների եւ դեղորայքի մեջ, ինչը հաստատվել է ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքի ԱՄՆ գործակալության կողմից, այնուամենայնիվ ոչ ոք, միգուցե, գլխի էլ չի ընկնում, թե ինչ է ծխախոտն իր մեջ պարունակում։ Օրինակ, մկնդեղ՝ անօրգանական մի նյութ, որն առկա է փայտանյութի մեջ եւ օգտագործվում է որպես առնետի թույն։

Ծխախոտի մյուս բաղադրիչները ավելի ծանոթ են մարդկանց։ Օրինակ, ածխածնի օքսիդը, որն առկա է մեքենաների արտանետած գազերի եւ նիկոտինի մեջ։ Կա նաեւ ֆորմալդեհիդ՝ քաղցկեղածին նյութ, որն օգտագործվում է դիակների զմռսման համար։ Ծխախոտում հայտնաբերված քիմիական նյութերից եւ բաղադրիչներից մոտ 70-ը համարվում են քացկեղածին. նրանք կարող են քաղցկեղ առաջացնել։ Գրեթե բոլոր այս բաղադրիչները, այս կամ այն ճանապարհով, կարող են հանգեցնել մահվան:

«Ծխախոտի ծուխը կարող է ազդել մեր օրգանիզմ մտնող թթվածնի վրա», – ասել է Հոուփ քաղաքի հիվանդանոցի թոքերի ռեանիմատոլոգ Բրայան Թյեպը։ «Առաջին հերթին ածխածնի օքսիդը զավթում է հեմոգլոբինի մոլեկուլները, ինչը խոչընդոտում է թթվածնի տեղաշարժը արյան կարմիր բջիջների օգնությամբ։ Երկրորդ, ցիանիդը խոչընդոտում է հյուսվածքների թթվածին ընդունելու եւ կլանելու կարողությանը։ Հյուսվածքը չի կարող գործել առանց թթվածնի կայուն հոսքի»։

Ըստ ամերիկյան Քաղցկեղի ընկերության հաշվարկների՝ ծխախոտի ծխով են պայմանավորված ԱՄՆ-ում քաղցկեղի մահացության դեպքերի առնվազն 30%-ը: Սա ներառում է թոքերի քաղցկեղից մահացած տղամարդկանց 87%-ը եւ կանաց 70%-ը։ Ծխախոտի ծուխը նաեւ կարող է հանգեցնել որոշակի թոքերի հիվանդությունների, այդ թվում՝ էմֆիզեմա, բրոնխիտ եւ շնչուղիների քրոնիկ հիվանդություններ։

NEWS.am Medicine