Ժամանակակից գիտնականները նույնպես համաձայն են, որ սոխը շատ օգտակար է առողջության համար եւ կարող է եթե ոչ բուժել, ապա գոնե կանխարգելել բազում հիվանդություններ:

Դիսուլֆիդ պարունակող եթերայուղերը սոխին բնորոշ սուր հոտ են հաղորդում: Նրանք էլ պատասխանատու են սոխի մի շարք դրական հատկությունների համար:

Եվ այսպես, ահա շատ սոխ ուտելու մի քանի հիմնավոր պատճառ:

1. Սրտանոթային համակարգ. վերը նշված դիսուլֆիդը թրոմբի առաջացմանը խոչընդոտող եւ այդպիսով սրտային նոպաները կանխարգելող ամենալավ բնական միջոցներից է: Այն նաեւ իջեցնում է արյան մեջ խոլեստերինի եւ տրիգլիցերիդների մակարդակը եւ բարելավում է էրիթրոցիտների բջջաթաղանթի ֆունկցիան:

2. Ոսկրային համակարգ եւ շարակցական հյուսվածք. ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, սոխի մեջ պարունակվող նյութերը մեծացնում են ոսկրերի խտությունը, որը հատկապես կարեւոր է կանանց համար դաշտանադադարի շրջանում, երբ շատերի մոտ ոսկրերը նոսր եւ փխրուն են դառնում: Սակայն որպեսզի սոխը ամրացնի ոսկրերը, այն անհրաժեշտ է ուտել քիչ-քիչ, բայց ամեն օր:

3. Պաշտպանություն քաղցկեղից. սոխի չափավոր օգտագործումը իջեցնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգը, ներառյալ՝ ամորձիների, աղիների եւ ըմպանի քազցկեղի: «Չափավոր» ասելով գիտնականները սովորաբար ի նկատի ունեն օրական 1 ոչ մեծ սոխի գլուխ:

4. Աֆրոդիզիակներ. սոխի մեջ աֆրոդիզիակներ են պարունակվում՝ նյութեր, որոնք իրենց քիմիական կազմով եւ ազդեցությամբ նման են մարդու սեռական հորմոններին: Այս նյութերը ոչ միայն կանխարգելում են վաղաժամ ծերացումը, այլեւ ապահովում են սեռական ակտիվության երկարատեւ պահպանումը:

5. Վիտամիններ, հանքային աղեր եւ հակաօքսիդանտներ. սոխում պարունակվում է օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ վիտամինների (C,B1,B2,B6,PP,E) եւ հանքային աղերի (կալցիում, նատրիում, կալիում, երկաթ, ֆոսֆոր, յոդ, ծծումբ) հսկայական քանակություն: Սոխում պարունակվող հակաօքսիդանտները խոչընդոտում են օրգանիզմում բորբոքային պրոցեսների առաջացումը: Նրանք նաեւ պահպանում են շաքարային հավասարակշռությունը եւ ամրապնդում են իմունային համակարգը:

Հարկավոր է նաեւ նշել, որ ջերմային մշակման հետեւանքով սոխի օգտակար հատկությունների մեծ մասը կորում է, այնպես որ, առողջության համար օգտակար է հենց հում սոխը:

Բացի այդ, շատ օգտակար է թարմ կանաչ սոխը, սակայն պետք է ուտել սպիտակ մսոտ ոտիկը եւ մինչեւ 10սմ հատվածը՝ բոլոր օգտակար նյութերը կուտակված են այդ հատվածում:

սկզբնաղբյուր