Հ. Իմ լավագույն ընկերուհին և ես մի ամբողջ կյանք է՝ ճանաչում ենք միմյանց: Ընկերս խանդում է, երբ մենք միասին ժամանակ ենք անցկացնում: Ինչպե՞ս վարվեմ:

Պ. Եթե խոսքը գնար ոչ թե քո լավագույն ընկերուհու, այլ լավագույն ընկերոջ մասին, ապա ես քո ընկերոջ կողմը կբռնեի: Սակայն, քանի որ խոսքը գնում է քո լավագույն ընկերուհու մասին, կարող եմ առաջ քաշել երկու վարկած. կա՛մ ընկերդ տանել չի կարողանում քո լավագույն ընկերուհուն, կա՛մ էլ ուշադրության կարիք ունի և անվստահ է: Եթե նա ատում է այդ աղջկան, ապա այն, ինչը դու մեկնաբանում ես որպես խանդ, իրականում նշանակում է, որ նա հավանություն չի տալիս ձեր շփմանը: Իսկ եթե նա ուշադրության կարիք ունի և անվստահ է, ապա նա քո մանկության լավագույն ընկերուհուն որպես սպառնալիք է ընկալում: Որ տարբերակն էլ լինի, ընկերդ իրեն երեխայի պես է պահում: Հարկավոր է ոչ թե պակասեցնել ընկերուհուդ հետ շփումը, այլ փորձել ձեր հանդիպումներին ներգրավել նաև քո ընկերոջը: Դա կօգնի նրան հաղթահարել քո ընկերուհու հանդեպ ունեցած հակակրանքն ու առավել հարմարավետ զգալ նրա ներկայությամբ: Իսկ եթե նա չկարողանա համակերպվել, ապա թերևս դու քո կյանքից պետք է ջնջես ոչ թե ընկերուհուդ, այլ հենց նրան:

Հ. Ես հանդիպում եմ մի տղայի հետ, ով վերջերս է բաժանվել ընկերուհուց (նրանց հարաբերությունները տևել են երեք տարի): Նա ինձ դուր է գալիս, ես էլ, կարծես թե, նրան: Նա երեկ ինձ նույնիսկ իր ընկերուհին կոչեց: Սակայն ես անհանգստանում եմ, որ նրա համար պարզապես բաժանումը հաղթահարելու միջոց եմ:

Պ. Հարաբերությունը «բաժանումը հաղթահարելու միջոց» անվանելը նույնն է, ինչ կնոջը թեթևաբարո անվանել: Ամեն դեպքում, այս անվանումները չունեն իրական սահմանում: Առնվազն քանի՞ տղամարդու հետ կինը պետք է սիրով զբաղվի՝ թեթևաբարո համարվելու համար, և որքա՞ն ժամանակ պետք է անցնի հարաբերությունների ավարտից, որպեսզի նոր հարաբերությունը չհամարվի վերականգնման փուլ: Բազմաթիվ նման «վերականգնողական փուլեր» վերածվել են ամուսնությունների… ինչպես նաև՝ մարել: Եթե ձեր հարաբերությունները դրական ընթացք են ստանում, ապա էական չէ, որ դուք սկսել եք հանդիպել ընկերոջդ նախկին հարաբերությունների ավարտից անմիջապես հետո: Իսկ գուցե ընկերդ արագացնում է իրադարձությունները, քանի որ նա սովոր է երկարաժամկետ հարաբերությունների:

Հ. Ես հանդիպում էի մի տղայի հետ, և երկուսս էլ խոստովանել էինք, որ իսկապես հավանում էինք միմյանց: Որոշ ժամանակ անց նա նոր աշխատանք գտավ, և սկսեց հետզհետե օտարանալ ինձնից: Ի վերջո ես մի գեղեցիկ հաղորդագրություն ստացա. նա ասում էր, որ չի կարող ինձ տալ այն, ինչին ես արժանի եմ, սակայն ցանկանում էր, որ մենք ընկերներ մնանք և առաջարկում էր միասին որևէ բան ըմպել: Ես նույնպես նոր աշխատանք ունեմ, սակայն, ի տարբերություն նրա, ցանկանում էի ժամանակ հատկացնել իրեն: Ի՞նչ է նա իրականում ուզում:

Պ. Ամենևին կարևոր չէ, թե ինչ է նա ուզում, և ես կբացատրեմ՝ ինչու: Սակայն նախ՝ մի քանի վարկած, թե ինչ է կատարվել նրա հետ. նա հասկացել է, որ դու իրեն այնքան դուր չես գալիս, որքան ասել է, կամ էլ՝ նա զբաղված է, բայց ցանկանում է քնել քեզ հետ: Սակայն այս վարկածներից և ոչ մեկը կարևոր չէ: Ահա թե ինչն է կարևոր. նա չի ցանկանում հարաբերություններ ունենալ քեզ հետ: Դու ինքդ ասացիր դա. դու ցանկանում էիր նրան ժամանակ տրամադրել, մինչդեռ նա՝ ոչ: Այնպես որ, խմիչք ըմպելու նրա հրավերը ընդունելուց առաջ նախ որոշիր՝ ինչ ես դու իրականում ուզում՝ պարզապես ծանո՞թ, սեքսի զուգընկե՞ր, թե՞ ընկեր, ապա գործիր համապատասխան կերպով:

Հ. Արդյո՞ք արժե դիտարկել նախկին ընկերոջը միանալու հնարավորությունը, եթե նա դավաճանել է ինձ: Նա ինձ հետ դավաճանում էր մեկ ուրիշին, երբ մենք դեռ նոր էինք հանդիպում, իսկ հետո նույնն արեց իմ հանդեպ: Նա ասում է, որ փոխվել է, բայց արդյո՞ք ճիշտ է «Մեկ անգամ դավաճանողը միշտ էլ կդավաճանի» արտահայտությունը:

Պ. Ես կարծում եմ, որ այդ արտահայտությունը ճիշտ չէ: Գուցե տղան գինովցած է եղել և իրեն ոչ բնորոշ հիմար քայլ է թույլ տվել: Կամ գուցե նրա հարաբերություններն, ըստ էության, ավարտվել էին ավելի վաղ, և նա նոր հարաբերություն է սկսել մինչև նախկին հարաբերությունները պաշտոնապես դադարեցնելը: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ դավաճանությունը նորմալ երևույթ է: Ինչևէ, քո նախկին ընկերը «մեկանգամյա» դավաճան չէ, և դա հաստատված է՝ անկախ այն ամենից, ինչ է նա ասում: Այնպես որ, նախ հարցրու ինքդ քեզ՝ արդյոք դու կարող ես ներել նրան և կրկին վստահել: Եթե՝ այո, հարցրու նրան, թե ինչպես է պատրաստվում ապացուցել, որ փոխվել է։ Եվ եթե ի վերջո դու նրան հետ ընդունես… չզարմանաս, եթե պարզես, որ իրականում ոչինչ էլ չի փոխվել:

cosmo.am