Խնդիրը՝ «Նախկինս ուզում է վերադառնալ»
Հանդիպումների քանակը՝ 3

Ինչպե՞ս պիտի ապրեմ առանց քեզ… Հեռախոսն օրուգիշեր լուռ է լինելու, ու ինձ չես ասելու բարի գիշեր: Ինչպե՞ս պիտի ժպտամ առանց քեզ… Ժպիտս դու ես, լույսն իմ ներսում դու ես: Կանցնես անտարբեր, կհեռանաս… Ինչպե՞ս պիտի լացեմ առանց քեզ… Արցունքիս պատճառն ու առիթը դու ես: Սևն ու սպիտակը կյանքիս դու ես: Խոսքն ու լռությունը դու ես…Պետք է վերածնվել։

Երբ գտա տարիներ առաջ գրած այս տողերը, սարսուռ անցավ մարմնովս: Ես կարողացել էի նրան մոռանալ: Կարողացել էի հանել նրան իմ մտքից: Կարծես հաջողվել էր վերածնվել: Երբ նա ասաց, որ մենք պիտի բաժանվենք, ես ծիծաղեցի, որովհետև չհավատացի նրան: Մենք կարծես իսկապես մի ամբողջություն լինեինք և լրացնում էինք միմյանց… Համենայն դեպս, ինձ էր այդպես թվում: Երբ, այնուամենայնիվ, հասկացա, որ նրա խոսքերում կատակի մի նշույլ անգամ չկա, սկսեցի հարցեր տալ: Բայց նա ոչ մի հարցի չէր պատասխանում: Միայն երբ հարցրի նրան՝ արդյոք ուրիշ աղջիկ է նրա կյանքում հայտնվել, ասաց. «Երանի ամեն ինչ այդքան հեշտ լիներ, ու հնարավոր լիներ բացատրել: Ես քեզ սիրում եմ, բայց դու ինձ պիտի մոռանաս: Կներես ու շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար»:

Եթե միայն նա չասեր այդ խոսքերը հեռանալուց առաջ: Ասեր՝ մեկ ուրիշը կա… Ես կտառապեի, հետո ինքս ինձ կհամոզեի, որ ես ավելի լավին եմ արժանի: Կլացեի, կհայհոյեի բոլոր տղամարդկանց, մինչև որ կգտնվեր մեկն, ում կսիրահարվեի:
Անցել էր մոտ երկու տարի: Ես այդպես էլ չէի գտել այդ ինչ-որ մեկին: Ու, եթե անկեղծ, չէի էլ ուզում: Աշխատում էի հաճույք ստանալ աշխատանքից, իսկ ընկերներս չէին թողնում, որ ինձ մենակ զգայի: Ամեն ինչ փոխվեց մեկ վայրկյանում: Երկու տարի անց հեռախոսիս զանգ եկավ: Ես ջնջել էի նրա համարը, բայց արի ու տես, որ ուղեղից ջնջել չէր հաջողվել: Միանգամից հիշեցի այն: Ճակատս պատվեց սառը քրտինքով, ձեռքերս սկսեցին դողալ, չգիտեի՝ պատասխանել, թե ոչ: Հասկացա, որ չեմ կարող նրա հետ խոսել: Մինչև այդ հանգիստ էի, քանի որ գիտեի՝ նա քաղաքից մեկնել էր, ու նրան հանդիպելու հնարավորություն չունեի, իսկ այժմ մենք նորից նույն քաղաքում ենք, քայլում ենք նույն փողոցներով, շնչում ենք նույն օդը: Ես չէի կարող լսել նրա ձայնը: Չէի հասկանում՝ ինչ էր կատարվում: Մի քանի անգամ զանգելուց հետո, նա հաղորդագրություն թողեց, որով հանդիպում էր խնդրում՝ գոնե մեկ անգամ:
Ես լրիվ կորցրի ինձ: Ոչ ոքի հետ չէի ուզում խոսել այդ մասին: Ուզում էի տեսնել նրան, բայց միևնույն ժամանակ վախենում էի: Չգիտեի՝ ինչ եմ ուզում: Միակ բանը, որ հաստատ գիտեի, այն էր, որ չէի ուզում նորից սխալվել: Ես դիմեցի հոգեբանին, քանի որ սա ընկերուհիների հետ լուծվող հարց չէր:

-Իսկ ինչի՞ց ես այդքան վախենում:
-Վախենում եմ, որ զգացմունքներս նորից կարթնանան, վախենում եմ, որ նորից նույն պատմությունը կկրկնվի, ու նորից խաբված կզգամ ինձ:
-Դու ասում ես, որ կարողացել ես նրան մոռանալ, իսկ այդ պարագայում մեկ անգամ հանդիպելով, հարաբերությունները չպետք է նորից վերականգնվեն: Հարաբերություն վերականգնելու համար ժամանակ է հարկավոր: Այս պարագայում ժամանակը քեզ կտա երկու առավելություն. նախ՝ կկարողանաս լսել նրան ու ի վերջո հասկանալ՝ որն էր նրա հեռանալու պատճառը, և երկրորդ՝ կհասկանաս՝ արդյոք նման պատճառաբանությունը քեզ համար բավական է, որ նրան հետ ընդունես, ու միասին լինեք:
Կարծում եմ, որ ես ուզում էի ինչ-որ մեկից լսել այդ խոսքերը: Բայց միևնույն է՝ վախի ու անվստահության զգացումն ինձ չէր լքում: Շատ էի վախենում նորից նույն ցավն ապրել:

-Դու ոչ մի պարագայում չես տուժում ու չես վնասվում։ Հասկացիր մի կարևոր բան. մարդուն ամենից շատ տանջում է ինչ-որ բան կիսատ և չպարզաբանված թողնելը, իսկ այս դեպքում կկարողանաս ստանալ բոլոր հարցերիդ պատասխանները: Բայց ոչ մի դեպքում չսպասես, որ լսածդ քեզ հաճելի է լինելու: Անցյալի բեռը չպետք է քարշ տալ ուսերին։ Թափ տուր ավելորդ ամեն բան ու արդեն պարզ գլխով կորոշես՝ ուզում ես որևէ հնարավորություն տալ նրան, թե այլևս քեզ պետք չեն այդ հարաբերությունները:
Դեռ հոգեբանի հետ զրուցում էինք, երբ նրանից նոր հաղորդագրություն ստացա. «Ուզում եմ քեզանից ներողություն խնդրել»։ Երկար ընտրում էի հագուստս. շատ էի ուզում գեղեցիկ լինել: Հագա բարձրակրունկ կոշիկ, շպարվեցի: Բայց տնից դուրս գալուց առաջ փոխեցի հագուստս, շպարս մաքրեցի ու նորից դարձա ես՝ ինչպիսին կամ: Շատ էի անհանգստանում: Երբ հանդիպեցինք, մի քանի վայրկյան երկուսս էլ անշարժ կանգնած էինք։

-Ուզում եմ քեզ գրկել:
Նա փաթաթվեց ինձ ու ամուր սեղմեց իրեն: Գլուխս պտտվում էր: Կարոտել էի նրա հոտը: Երկար զբոսնեցինք, հետո նստեցինք սրճարանում: Նա սկսեց խոսել.
-Ուզում եմ իմանաս, որ դու իմ կյանքում ամենակարևոր մարդն ես: Ես շատ բան եմ հասկացել այս երկու տարվա ընթացքում…
Ես լսում էի նրան, ու ինձ թվում էր, թե այդ տարիները չեն անցել, թվում էր՝ մենք չենք բաժանվել: Նա ասաց, որ ինձ թողել էր, որովհետև չէր գտնում իր տեղը կյանքում, որովհետև չէր կարող ինձ ոչինչ առաջարկել, քանի որ ինքն էլ ոչինչ չուներ: Նա ասաց, որ ուզում էր կայանալ ու ամրապնդվել, ու որ ես ոչ մի բանի կարիք չունենայի: Ու քանի որ ինքը հասկանում էր, որ այդ ամենն ինձ տալ չէր կարող, նախընտրել էր հեռանալ՝ հուսալով, որ կգտնվեր այն մեկն, ով ինձ ապահով կյանք կառաջարկեր:
-Բայց մենք կարող էինք այդ ամենին միասին հասնել,- ակամա ասացի այդ խոսքերը:

-Հիմա ես ավելի շատ բան եմ սկսել հասկանալ: Եթե կարողանաս ինձ նորից հնարավորություն տալ, մենք միասին կարող ենք դա անել: Հիմա ես հասկանում եմ՝ որքան էլ կարևոր է աշխատանքն ու կարիերան, միևնույն է, ինձ համար առաջին տեղում դու ես: Ես փորձել եմ ուրիշ աղջիկների հետ հանդիպել, բայց բոլոր այդ աղջիկների մեջ ես քեզ էի փնտրում։ Ինձ պետք ես միայն դու…
PS Արդեն երկու տարի էր, ես դադարել էի մարդկանց հավատալ: Զգուշանում էի բոլորից, նույնիսկ ամենամտերիմ մարդկանցից` հասկանալի պատճառներով: Բավականին երկար ժամանակ մենք հանդիպում ու շփվում էինք` որպես հին ու լավ ընկերներ: Ու ես նույնիսկ չհասկացա, թե ինչպես նա կարողացավ նորից իմ վստահությունն իր նկատմամբ վերականգնել ու դառնալ ինձ համար ամենամտերիմ մարդը աշխարհում:

cosmo.am