Ամերիկացի դիվանագետ Աարոն Քամինգսն, որն աշխատում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, օրերս Արարատի գագաթին ամուսնության առաջարկություն է արել հայաստանցի 26-ամյա Պերճուհի Կաժոյանին:

Պերճուհին պատմեց, որ առաջարկն իր համար մեծ անակնկալ է եղել:

«Արարատ բարձրանալը միշտ երազանքս է եղել: Փետրվարին ընկերս՝ Աարոնը, հարցրեց, թե կցանկանամ իր հետ բարձրանալ Արարատի գագաթը: Բնականաբար, շատ ուրախացա եւ սկսեցինք մարզվել վերելքի համար: Օգոստոսի 2-ին Երեւանից խմբով մեկնեցինք»,- պատմեց Պերճուհին:

Ի սկզբանե, որոշվել էր, որ Հայաստանից մեկնած խումբն Արարատը պետք է բարձրանար 4 օրում, սակայն արշավն ավելի կարճ է տեւել: Պերճուհու խոսքով՝ հատկապես վերջին հատվածն իրենց համար շատ բարդ է եղել, շարժվել են գիշերը ժամը 01:00-ի սահմաններում, իսկ երբ հասել գագաթի սառույցներին, ինքն արդեն ուժասպառ էր:

«Զգացմունքներս այնքան շատ էին, որ սկսեցի լացել, երբ հասկացա, որ մեր Արարատի գագաթին եմ եւ Հայաստանի դրոշն ենք ծածանում: Մի րոպե անց Աարոնը բջջային հեռախոսը տվեց ընկերուհուս, որ մեզ նկարի: Դրա փոխարեն՝ նա կանգնեց դիմացս, նայեց աչքերիս եւ ասաց, որ ուզում է կյանքն ինձ հետ անցկացնել: Մինչեւ հասկացա, թե ինչ է կատարվում, արդեն ծնկի էր իջել եւ մատանու տուփը պահել դիմացս: Մի պահ չէի հավատում, հետո ցատկոտել եմ, փաթաթվել իրեն եւ ասել՝ այո»,- ժպտալով շարունակեց Պերճուհին:

Զույգը մտադիր է ամուսնանալ հաջորդ տարվա ամռանը:

news.am