Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Աշոտ Դարբիանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 28-ին, Երևանում BMW մակնիշի 98 ԼV 988 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկված 4 հետիոտների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Էրեբունի փողոցի բնակիչ՝ 21-ամյա Ռաֆիկ Պապիկյանը, ով սովորում է Երևանի Պետական համալսարանի հանրային կառավարման բաժնի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի 3-րդ կուրսում, Լոռու մարզի Թումանյան գյուղի բնակիչ՝ 21-ամյա Տիգրան Սիմոնյանը, ով սովորում է Երևանի Պետական համալսարանի հանրային կառավարման բաժնի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի 1-ին կուրսում, Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ՝ 18-ամյա Սիմավոն Ստեփանյանը, ով սովորում է «Հայբուսակ» հենակետային քոլեջում՝ ատամնատեխնիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում և Երևան քաղաքի Տոլստոյի փողոցի բնակիչ՝ 19-ամյա Դավիթ Հինանյանը, ով սովորում է ՖԿՍ ինստիտուտում՝ հունահռոմեական ըմբշամարտի ֆակուլտետի 2-րդ կուրսում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Մուրացանի 113/1 շենքի բնակիչ՝ 20-ամյա Լևոն Դավթյանի անվամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերել են ավտոմեքենայի տիրոջը, ով արդեն բացատրություն է տվել այն մասին, որ երեկ՝ ժամը 13։00-ի սահմաններում, ինքը ավտոմեքենան տրամադրել է մորաքրոջ տղային, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, սովորում է Երևանի Ճարտարագիտական համալսարանում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 28-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:15-ի սահմաններում BMW մակնիշի 98 ԼV 988 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երվանդ Քոչար փողոցում վրաերթի էր ենթարկել 4 հետիոտնի: Վարորդը, վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական, դիմել էր փախուստի: Վրաերթի ենթարկվածները, որոնցից մեկը՝ «ծայրահեղ ծանր», 3-ը՝ «ծանր կայուն» ախտորոշմամբ, տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Ալեքսան Ալեքսանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարութունյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ՃՈ աշխատակիցները նշված BMW-ն հայտնաբերել էին դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ «Ծղոտներ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի բակում: Ավտոմեքենայի դիմապակին ամբողջովին վնասված էր:

Վնասված էր նաև առջևի հատվածը և կոտրվածէ ին աջ և ձախ հայելիները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուր