Այսօր՝ փետրվարի 12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են այցելել մեծ թվով քաղաքացիներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում իր հետ զրույցում երեխայի՝ 9-ամյա Ֆրունզիկ Նահապետյանի հայրն ասում էր. «Առաջին հերթին հույսս կապում են Աստծո հետ և ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել հրշեջ-փրկարարներին, 1-03 շտապ օգնության բրիգադին և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմին, որովհետև նրանց օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում կինս ու երեխաս դուրս բերվեցին կրակի միջից: Իսկ բժիշկներն ամեն ջանք գործադրեցին նրանց փրկելու համար: Ցավոք, երեխայի մայրը, ով, թեպետ առանձնակի դաժանություն էր ցուցաբերել մեր որդու նկատմամբ, մահացավ»:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ պահին հիվանդանոց էր այցելել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով իր հետ բերել էր խաղալիքներ, և հայրն այդ այցից անակնկալի եկավ ու խաղալիքները դրվեցին երեխայի մահճակալին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 9-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի 48 բնակարանում հրդեհ է բռնկվել:

Օպերատիվորեն նշված շենք էր ժամանել ՏԿ ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել էին նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ օպերատիվորեն ժամանել էր նաև 1-03 շտապ օգնության բրիգադը: Հրշեջ-փրկարարները, քանի որ չէին կարողացել բացել տան դուռը, ստիպված նշված բնակարանի, որն 1-ին հարկում է, պատուհանի ճաղավանդակը կոտրելով՝ կարողացել էին ներս մտնել տուն և հենց կրակի միջից դուրս էին բերել 47-ամյա Աննա Նահապետյանին և նրա 9-ամյա որդուն՝ Ֆրունզիկ Նահապետյանին, ովքեր օպերատիվորեն շտապ օգնության կողմից տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Նյութի աղբյուր