Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննիչ Վերմիշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ մարտի 15-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:40-ի սահմաններում Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի 20 ՍՕ 386 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց և ընկել գետը: Վթարի հետևանքով վարորդ Ա. Հակոբյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Առինջ 1-ին միկրոշրջանի բնակիչներ՝ 45-ամյա Արմեն Ղազարյանը, 33-ամյա Լիանա Հակոբյանը, 11-ամյա Միլենա Ղազարյանը և 10-ամյա Գոռ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Վթարի վայր է ժամանել Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հակոբյանը աշխատում է «Մուլտիմոթորս» ՍՊԸ-ում, իսկ վիրավորներից Մ. Ղազարյանն ու Գ. Ղազարյանը սովորում են Երևանի թիվ 171 դպրոցում:

shamshyan.com