Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, «Մուշ» ռեստորանի մոտ Mitsubishi մակնիշի 31 ՏՕ 056 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը, ոստիկանության Աշտարակի օպերատիվ խումբը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փախանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանում քննիչներն ու Աշտարակի ոստիկանության փորձագետը: Վիրավորներին օգնության են հասել գյուղացիները և մինչ հրշեջների և ՃՈ աշխատակիցների ժամանումը՝ գյուղացիներն իրենց ուժերով վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Արդեն վթարի վայրում Աշտարակի հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել են մահացած քաղաքացուն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը: Փաստի առթիվ քննիչի կողմից հարուցվել է քրեական գուրծ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

shamshyan.com