Ձեռնաշարժությունը կարող է ինչպես իրական, այնպես էլ կարծեցյալ սեքսուալ խանգարումների պատճառ դառնալ. սեքսոպաթոլոգ
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանի խոսքով՝ ձեռնաշարժությունը մի երևույթ է, որը կարող է ինչպես իրական սեռական խանգարումների, այնպես էլ՝ կարծեցյալ սեքսուալ խանգարումների պատճառ դառնալ. «Պատճառը նրանում է, որ ընդհանրապես գոյություն ունեն ձեռնաշարժության տեսակներ, որոնցից որոշները համարվում են հիվանդագին, որոշները՝ ֆիզիոլոգիական: Այս պարագայում, որոշակի նկատառումներից ելնելով, անհրաժեշտ է բժշկին կամ անհատներին հստակ բացատրել խնդրի էությունը»:
 

 
Այս երևույթը վաղ պատանեկան հասակում ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման դրսևորումները: Սովորաբար սա դիտվում է մինչև 10-12 տարեկան հասակը, որը բավականին մեծ խնդիր է ծնողների համար. «Սկզբնական շրջանում երեխաների շրջանում հետաքրքրություն է առաջանում սեփական սեռական օրգանների նկատմամբ, բայց երբ որ սեռական օրգանների վրա սևեռվում է ձեռքով մանիպուլյացիա, նրա մոտ գլխուղեղի կեղևում առաջանում է ասոցացիվ կապ՝ սեռական օրգանների գրգռման և հաճելի ինքնազգացողության միջև: Ժամանակի ընթացքում սա բերում է կրկնության: Եթե սկզբնական շրջանում երեխան դա անում է գաղտնի, առանց ծնողների ներկայության, ապա հետագայում դա կրում է այնպիսի սևեռուն բնույթ, որ կրկնվում է շրջապատի ներկայությամբ»,- ասաց պրն Հակոբյանը:
 
Բժշկական տեսանկյունից՝ այն հանգեցնում է նյարդային համակարգի և հոգեկան աշխարհի խանգարման: Նման երևույթ, ըստ մասնագետի, գրանցվում է այն բոլոր դեպքերում, երբ երեխան դուրս է մնում ծնողների ուշադրությունից: Երեխաների շրջանում նման երևույթի հայտնաբերումը պարտադիր ենթակա է բուժման. «Նման դեպքերում արգելվում է ծնողներին ծեծել երեխաներին, քանի որ ուժի գործադրումը կարող է ֆիքսվել նրա կենտրոնական նյարդային համակարգի ենթակեղևում և ցավային գրգիռների հետ տալ ասոցացիվ կապ: Անհրաժեշտ է երեխային պահել ուշադրության կենտրոնում, լցնել նրա ամբողջ օրը»:
 
Ձեռնաշարժության երևույթ նկատվում է նաև դեռահասային տարիքում, որի հիմքում ընկած է բիոսոցիալ աններդաշնակությունը: Սևադա Հակոբյանը նշեց, որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կայուն սեռական կյանք. «Ըստ էության՝ գոյություն ունի սեռական և սոցիալական հասունացումների տարանջատում: Երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց դեռևս սոցիալական և իրավաբանական իրավունք չունի՝ մտնելու ամուսնական կապի մեջ, այդ պատճառով ի հայտ է գալիս ձեռնաշարժության այս տեսակը՝ որպես փոխարինիչ սեռական կյանքին»: Սեքսապաթոլոգի դիտարկմամբ՝ այս տեսակը ամենահաճախ հանդիպողն է տղաների շրջանում, որը հիվանդություն չէ, եթե չի գրավում օրվա ամբողջ ռեժիմը, խիստ հաճախ չի կրկնվում: Ամուսնանալուց հետո այս երևույթը պետք է չկրկնվի, վերածվի սեռական ռեգուլյար կյանքի:
 
Նշենք նաև, որ ըստ հետազոտությունների՝ տղաները մոտավորապես 25 տարեկան հասակում դադարեցնում են ձեռնաշարժությունը, քանի որ ունենում են ռեգուլյար սեռական կյանք, իսկ կանանց մոտ՝ ընդհակառակը, տոկոսը տարիքի հետ բարձրանում է և մաքսիմում տոկոսի է հասնում 30-50 տարեկան հասակում: Ըստ ամերիկյան գիտնականների՝ մոտավորապես 30 տարեկան կանանց 60 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ ունեցել է ձեռնաշարժություն:

Նյութի աղբյուր