Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ: Սեքսոպաթոլոգի փոխանցմամբ, ինտիմ զրույցը կանանց մեծամասնությունը հետաձգում է մի շաբաթով, ամսով, տարով… Եվ իզուր: Հոգու խորքում այդ ընթացքում կուտակվում են չիրականացված ցանկությունները, թաքնված վիրավորանքները: «Սերը ենթադրում է փոխգործակցություն, հետևաբար, հաճույքը պետք է ստանան երկու զուգընկերներն էլ: Եվ եթե քնքուշ հպումները, ամաչկոտ ակնարկներն ու խոսուն հայացքները չեն բավականացնում միմյանց հասկանալու համար, ուրեմն ժամանակն է ամեն ինչի մասին խոսել անկեղծ ու շիտակ` առանց ամաչելու ու շիկնելու»:
Վ. Շահրամանյանն ասաց նաեւ, որ կնոջ սեքսուալությունը մեծ մասամբ պայմանավորված է նաև նրա խառնվածքով: «Սեքսուալության մեջ էական դեր են կատարում գենետիկական, նյարդային և հորմոնալ գործոնները: Սեռական ֆունկցիան, ի տարբերություն ֆիզիոլոգիական մյուս ֆունկցիաների, որոշվում է տարիքով, այսինքն` սեքսուալ դրսևորումներն առաջանում են սեռական հասունացման` արբունքի շրջանում: Որոշակի տարիքի բնորոշ են սեքսուալ դրսևորումների որոշակի առանձնահատկություններ»,- պարզաբանեց բժիշկը՝ հավելելով, որ կնոջ սեքսուալության առանձնահատկության նախապայման է տղամարդու կողմից կնոջ հոգեբանական նախապատրաստումը սեռական հարաբերությանն այնպես, որ կինը կարողանա ստանալ լիակատար սեռական բավարարվածություն: Այդ կապի մեջ, Վ. Շահրամանյանի խոսքերով, չի կարելի թերագնահատել նախնական փաղաքշանքների դերը, հատկապես, եթե կնոջ սեքսուալությունը դեռևս չի արթնացել:
«Իրավունքի» հարցին, թե այս դեպքում, ինչ խորհուրդ է տրվում տղամարդկանց, Վ. Շահրամանյանի պատասխանը դիտեք տեսանյութում.

www.iravunk.com