Հունվարի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև: ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին, հայ ժողովրդին և վստահություն հայտնել, որ քննչական գործողությունները կավարտվեն ամենասեղմ ժամկետներում, և մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը: Նա նաև պատրաստակամություն է հայտնել սպանդից փրկված՝ ընտանիքի միակ անդամի՝ ներկայումս կյանքի համար մաքառող վեցամսյա Սերյոժա Ավետիսյանի հետագա բուժումը կազմակերպել Ռուսաստանում: Սերժ Սարգսյանը, ըստ Բաղրամյան 26-ի տարածած հաղորդագրության, նշել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները շարունակելու են դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները:

 

Այս հեռախոսազրույցն այն դեպքն է, երբ տեղին է հնչում «ավելի լավ է ուշ, քան երբեք» արտահայտությունը՝ հաշվի առնելով, որ հենց սկզբից ոճրագործությունից ցնցված հայաստանյան հասարակության համար ոչ միայն անհասկանալի, այլև վիրավորական էր թվում պետական մակարդակով ռուսական կողմի ցուցաբերած բացարձակ անտարբերությունը մի ողբերգության հանդեպ, որի հիմնական, եթե չասենք, միակ կասկածյալը ռուսական բանակի զինվորն է:

 

Բայց ինքնին փաստը, որ Պուտինի արձագանքը հնչում է այսքան ուշացումով` կատարվածից միայն 7 օր անց, որոշակի մտորումների, նաև եզրահանգումների տեղիք է տալիս: Այս հեռախոսազրույցից երկու օր առաջ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը կատարվածի վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունները ստանալու համար դիմել էր ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը, որտեղից, սակայն պատասխանել էին, թե մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհնար է համարում այդ առնչությամբ մեկնաբանություններ տալը, քանի որ դրանք գտնվում են պաշտպանության նախարարության կոմպետենցիայի շրջանակում:

 

Այն փաստը, որ դրանից ընդամենը երկու օր անց ՌԴ-ն, այնուամենայնիվ, ամենաբարձր մակարդակով անդրադարձավ «պաշտպանության նախարարության կոմպետենցիայի» հարց համարվող խնդրին, վկայում է, որ Կրեմլը ոչ թե ասելիք չուներ կամ չէր ցանկանում արձագանքել, այլ սպասում էր ինչ-որ բանի: Իսկ այդ ինչ-որ բանը, ամենայն հավանականությամբ, կա’մ ՊՆ-ից հստակ հիմնավորումների ստացումն էր առ այն, որ հենց ռուս զինծառայողն է սպանդմ իրականացնողը, կա’մ, անկախ հանգամանքներից, այլ մասնակիցների առկայությունից, Պերմյակովին ոճրագործության միակ կատարող և մեղավոր ճանաչելու` վերջնական որոշման կայացումն էր՝ դրա համար բավարար հիմքերի ստեղծմամբ:

 

Պատահական չէ, որ, փաստորեն, մինչև հունվարի 17-ը, անգամ` գործում նրան որպես մեղադրյալ ներգրավելուց հետո, ռուսական կողմը խուսափում էր Պերմյակովին վերաբերվել որպես հանցագործի: Թե’ Հայաստանում ՌԴ դեսպան Վոլիկինի և թե’ 102-րդ ռազմակայանի հրամանատարի տեղակալ Պոլյուխովիչի՝ մինչ այդ հղված ցավակցական հայտարարություններում նման որևէ շեշտադրում կամ ակնարկ չկար: Մինչդեռ հենց հունվարի 17-ից սկսած` նաև ռուսական լրատվամիջոցները, որոնք հակված էին մինչ այդ Պերմյակովին ներկայացնելու որպես «տան տղա», սկսեցին նրան «մատուցել» որպես հանցագործ: Դրա մասին էին վկայում կատարվածի համար հայերից ներողություն խնդրելու` ռուսական լրատվամիջոցների և հասարակական շրջանակների ներկայացուցիչների կողմից սկսված «արշավը», ինչպես նաև ռուսական լրատվամիջոցների գերակշիռ մասի կողմից միանգամից` կարծես կախարդական փայտիկի էֆեկտով, Գյումրու ողբերգության շուրջ տեղեկատվական վակուումի վերացումը:

 

Իսկ Ռուսաստանում նման բաները պատահական չեն լինում: Ամենայն հավանականությամբ, մինչ այդ Կրեմլում վհուկների որս էին սկսել՝ փորձելով հասկանալ, թե դեպքից հետո Գյումրիում ծավալված դրամատիկ իրադարձությունների ետևում ինչ կամ ով է թաքնված, որքանով են դրանք հակառուսական կամ «մայդանական» բնույթ կրում, և որքանով է կարողանում հայաստանյան իշխանությունը չեզոքացնել նման տրամադրությունների հասունացումը: Միայն այն բանից հետո, երբ Կրեմլն այդ կասկածները հաստատող որևէ լուրջ հիմնավորում կամ փաստարկ չստացավ, երբ ակնհայտ դարձավ, որ խնդիրն ընդամենը Պերմյակովին հայկական կողմին հանձնելու և դրանով ՌԴ արդարադատությանը չվստահելու տրամադրությունների մեջ է, փաստորեն, Պուտինը որոշեց հանդես գալ ուշացած ցավակցություններով:

 

Սակայն Պուտինի այս քայլը չի նշանակում, թե Ռուսաստանն իրականում հետքայլ է կատարում և հակվածություն է հանդես բերում, հանուն «հայ-ռուսական դարավոր բարեկամության», Պերմյակովին հանձնելու` Հայաստանի հասարակության պահանջները բավարարելու ուղղությամբ: Ավելի շուտ, գործ ունենք ճիշտ հակառակի հետ:

 

Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ նախագահների հեռախոսազրույցի մասին հայկական և ռուսական կողմերի պաշտոնական հաղորդագրություններում ոչ մի խոսք չկա մեղադրյալին և հարուցված քրեական գործը Հայաստանի իրավասությանը հանձնելու պատրաստակամության կամ գոնե այդ խնդիրը քննարկման առարկա դարձնելու մասին: Պուտինը խոսում է միայն սեղմ ժամկետներում քննությունն ավարտելու, իսկ Սերժ Սարգսյանը՝ հայ իրավապահների կողմից դեպքի բոլոր հանգամանքների բացահայտմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները կատարելու մասին, ինչը նշանակում է, որ Պերմյակովին չհանձնելու իրավաքաղաքական որոշումն արդեն կայացված է: Եվ եթե անգամ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կատարի Պերմյակովին ՀՀ-ին հանձնելու հարցով ՌԴ գլխավոր դատախազին դիմելու՝ գյումրեցիներին տված «տղամարդավարի» խոստումը, դա ոչինչ չի փոխելու: Պուտինն արդեն պատասխանել է:

 

Պետք է ենթադրել, որ, որոշելով իր ցավացությունը հայտնել փաստացի զոհված ընտանիքի՝ մահվան 7-րդ օրվա հոգեհանգստյան արարողության նախօրեին, Կրեմլը ձգտել է, այնուամենայնիվ, նվազագույնի հասցնել Գյումրիում նոր հուզումների հնարավորությունը՝ նաև հաշվի առնելով, որ անցած օրերին կրքերի որոշակի թուլացումը հնարավորություն է տվել հայաստանյան հասարակությանը, ի վերջո, սառը դատելով, ըմբռնել Պերմյակովին հանձնելու անհնարինության հանգամանքը:

 

Բայց այս քայլի ետևում ավելի շատ թաքնված է ռուսների համոզվածությունը, որ կատարվածի շրջանակներում ինչ զարգացումներ էլ լինեն, դրանք չեն հատելու քաղաքականացման և հակառուսականության սահմանագիծը, և որ հուզումների հետ կապված ամենադժվար փուլն այլևս ետևում է: Դրա հիմնական պատճառը Ռուսաստանի հասարակական-քաղաքական շրջանակների գիտակցության և վարքագծի, պետական քաղաքականության հիմքում ամուր նստած այն համոզմունքն է, որ հայերը և Հայաստանը իրենց սահմանած խաղի կանոններից փախչելու տեղ ուղղակի չունեն, քանի որ առանց իրենց «հովանավորող ձեռքի», որը մարմնավորում է Գյումրու 102-րդ ռազմակայանը, նրանք դատապարտված են ոչնչացման: Ահա, թե ինչու այն, ինչ Պուտինն իրեն թույլ չի տալիս հակառակորդների և թշմանիների հետ հարաբերություններում, անկաշկանդ անում է Հայաստան կոչվող «ֆորպոստային» գործընկերոջ նկատմամբ:

Գևորգ Աղաբաբյան

Նյութի աղբյուր՝  yerkir.am