Այժմ մեզանում լայն տարածում է գտնում վիրտուալ շփումների շրջանակների ընդարձակումը: Այն իր մեջ սկսել է ներառել նաև վիրտուալ սեռական հարաբերությունները, որը, ինչպես փաստում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը, լուրջ վնաս է հասցնում ընտանիքներին: Նա ընդգծում է, որ վիրտուալ հարաբերությունների ներգրավումը մեր կենցաղի մեջ ունի իր դրական և բացասական կողմերը: Այն մի կողմից զարկ է տալիս հեռակա շփումներին, մարդկանց կապող օղակ է, սակայն կտրում է իրական կյանքից, և անմիջական սեռական հարաբերությունները մղվում են երկրորդ պլան. «Վիրտուալ սեռական կյանքին ձգտում են այն մարդիկ, ովքեր ունեն միջանձնային փոխհարաբերություններում կաշկանդվածություն, այնպիսի բնավորության գծեր, որոնք խոչընդոտում են անմիջական մարդկային փոխհարաբերությունների ստեղծմանը»: Սեքսապաթոլոգն ասում է, որ վիրտուալ սեռական հարաբերություններն առավել տարածված են դեռահասների և երիտասարդների շրջանում: Նրանք, սեռական կյանքում չունենալով փորձառություն և ունենալով վիրտուալ լայն հնարավորություններ, որպես օգնություն` օգտվում են վիրտուալ փոխհարաբերություններից. «Այժմ վիրտուալ սեքսի համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները, կան այնպիսի կայքերի հավելվածներ և դրանք այնքան են հեշտացրել այդ մոդելը, որ հակառակ սեռի անձնավորությունն անմիջապես գտնում է այն մարդուն, ում հետ կարող է վիրտուալ սեռական հարաբերություն ունենալ»: Մասնագետը վստահ է` իրականում այդ կայքերը գումարներ են աշխատում, իսկ մարդիկ ընկնում են ծուղակը և կորցնում իրականի ու վիրտուալի սահմանը: Քանդվում են ընտանիքներ, մարդու մոտ առաջանում է հեշտին ձգտելու պահանջ և սեռական սառնություն: Նման հարաբերությունների արդյունքում տուժում են մարդկային փոխհարաբերությունները, անհատի հոգեսեռական փուլերի զարգացման ճիշտ հերթագայությունն է խախտվում, հետագայում ամուսնության տարիքում դժվարանում է սեփական զուգընկերոջ հետ սեռական հարաբերությունների ստեղծումը. «Նման մարդիկ առանձին-առանձին վերցրած առողջ են, սակայն վիրտուալ հարաբերությունների արդյունքում չեն կարողանում հասկանալ իրենց զուգընկերոջը: Դա հետագայում դառնում է մեծ թվով բաժանությունների պատճառ»: Այսպիսի խնդիրներից խուսափելու համար Սևադա Հակոբյանը խորհուրդ է տալիս միանշանակ առաջնակարգ տեղ տալ մարդկային ջերմ հարաբերություններին, ինչ-ինչ հարցերի շուրջ անմիջական շփումով խոսել կողակցի հետ, գալ ընդհանուր հայտարարի. «Պետք է գիտակցել, որ վիրտուալ շփումն իրականությունից կտրված է, և հետագա բարդություններից խուսափելու համար պետք է շեշտակիորեն կրճատել վիրտուալ հարաբերությունների սահմանը»:

www.erkusov.com