Ես մեկ ամիս է ամուսնացած եմ և ցավի պատճառով չեմ ունեցել լիարժեք սեռական հարաբերություն: Ամուսինս հենց մոտիկանում է ահավոր ցավ եմ զգում, և այդպես էլ կուսաթաղանթի պատռում չի եղել: Ասացե՛ք խնդրում եմ, հնարավո՞ր է արդյոք հղիանալ կուսաթաղանթի առկայության պարագայում:
Թույլ տվեք սկզբում պատասխանել վերջում հնչեցված հարցադրումին՝ հնարավոր է հղիանալ կույս լինելով հանդերձ? Այո, հնարավոր է: Իրականում,հղիացման համար հարկավոր է, որպեսզի միմյանց հանդիպեն կնոջ ձվաբջիջը և տղամարդու սերմնաբջիջը: Ու քանի որ սերմնաբջիջը կամսպերմատոզոիդը շարժունակությամբ օժտված բջիջ է, ապա այն կարող է սկսել իր ճամփորդությունը դեպի ձվաբջիջ հենց հեշտոցամուտքից սկսած,որտեղ և տեղի է ունենում սերմնաժայթքումը ձեր դեպքում: Կուսաթաղանթի վրա գտնվող բնական անցքը, որից դուրս է գալիս դաշտանային արյունը,հանդիսանում է այն մուտքը դեպի հեշտոց, որով էլ թափանցում են սպերմատոզոիդները:Ինչ վերաբերում է ցավին, ապա այստեղ կան մի քանի բացատրություններ: Նախևառաջ ցավի առաջացման պատճառ կարող են լինել մեխանիկական բնույթի խոչընդոտներ՝ հեշտոցամուտքի առանձնահատուկ, ոչ սովորական կառուցվածքը կամ օրինակ՝ հազվադեպ հանդիպող, բայց և այնպես իրականության մեջ առկա ախտաբանական վիճակներ՝ օրինակ զանազան բնույթի գոյացություններ, որոնք փակում են հեշտոցամուտքը:

Կուսաթաղանթի հաստությունը կամ խորը դասավորությունը ցավի առաջացման համար լրացուցիչ գործոններ չեն համարվում, քանի որ կուսաթաղանթը մեծ առաձգականությամբ օժտված թաղանթ է և ինչպես հարկն է կարող է լայնանալ կամ պատռվել կատարված ներհրումից:

Ցավի առաջացման հիմնական պատճառը նկարագրված դեպքում հեշտոցամուտքի մկանային լարվածությունն է, որի պատճառով հեշտոցամուտքը փակվում է և անհնարին դարձնում ներթափանցումը: Մկանային այդ լարվածությունը կնոջ կամքին ենթակա չէ, այն անկառավարելի է գիտակցական մակարդակով: Այս լարվածության պատճառը հեշտոցամուտքի մկանը վերահսկող նյարդա-մկանային ռեֆլեկտոր աղեղի գլխուղեղային կենտրոնների սևեռված արգելակումն է: Այսինքն, խնդիրը գլխուղեղում սևեռուն արգելակման օջախի առկայությունն է, որը բերում է հեշտոցամուտքի փակման: Խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ այս խանգարման հիմքում ընկած են սեռական կյանքի մասին կնոջ իմացական սխալ պատկերացումները և հոգեհուզական նեգատիվ վերապրումը սեռական փորձ կատարելիս:

Այս խնդիրը մեր լեզվով կոչվում է վագինիզմ և դրա բուժումն ուղղված է գլխուղեղում առկա սևեռուն օջախների վերացմանը, հեշտոցամուտքի մկանային կծկման ռեֆլեքսի կառավարմանը, որի արդյունքում էլ ներհրումները այլևս ցավոտ չեն լինում և հնարավորություն է ստեղծվում ազատ ներթափանցման:

Բուժումը համակցված մեթոդով է՝ կոգնիտիվ հոգեթերապիա, հեշտոցային լայնիչների կիրառում և դեղորայքային թերապիա: Բուժումը անհատականացված է և հաշվի է առնում կնոջ նյարդային համակարգի տիպը, հոգեբանական առանձնահատկությունները և նաև հնարավոր միջանձնային հարաբերությունների լարվածությունը, որը հաճախ լրացուցիչ բարդություններ է առաջացնում բուժման ընթացքում:

Պատասխանեց սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանը