Հայաստանում հրապարակային գրվածքների 60%-ը հայատառ չէ: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին՝ մայրենի պահպանության օրը, ասաց Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը՝ ավելացնելով, որ տարբեր ոլորտումներում իրականացնելով հսկողական գործառույթներ՝ Լեզվի տեսչությունը փորձում է անաղարտ պահել մայրենին:

«Լեզվի պետական տեսչությունն այսօր իրականացնում է հսկողական, տեսչական գործառույթներ, որ հրապարակային գրվածքները հնարավորինս մաքուր լինեն երկրում, որ կյանքի տարբեր ոլորտներում գրագրությունը եւ շփումները իրականացվեն մաքուր հայերենով, որ եթերի լեզուն հնարավորինս մաքուր լինի: Պայքարը դժվար է, սակայն մենք շարունակում ենք պայքարել»,-ասաց Երիցյանը:

Լեզվի պետական տեսչության պետի խոսքով՝ լեզվական խախտումների վերաբերյալ տուգանքները, որոնք օգնում են զսպել օրինազանցներին, ցանկալի է՝ ունենան զգուշացումների եւ առաջին տուգանքի սկզբունք. այն է՝ խախտում թույլ տված անձը նախ զգուշացվի, ապա տասը օրվա ընթացքում խախտումը չուղղելու դեպքում ենթարկվի 1-ին՝ 100 000 դրամի չափով տուգանքի, որը սահմանված տուգանքի կեսն է:

«Մեր փորձը ցույց է տալիս, որ զգուշացումը հստակ գործում է: Կարիք չկա միանգամից տուգանքի մեխանիզմը կիրառել: Բացի այդ, առաջ 20, 30, 40 հազար էր տուգանքը, որոնք շատ արագ վճարվում էին»,-ասաց Սերգո Երիցյանը՝ նշելով, որ վերահսկողությունը սահմանվում է միայն հրապարակային գրվածքների դեպքում, իսկ եթերից լեզվի աղավաղման դեպքում անձին կամ ծրագրին հորդորակ է ուղարկվում:

Սերգո Երիցյանի խոսքով՝ մայրենի լեզուն հիմնականում խաթարում են սերիալները, հումորային հաղորդումները, թոք շոուները եւ սպորտային մեկնաբանները, որոնք հորդորակների տեսքով զգուշացվում են Լեզվի պետական տեսչության կողմից:

Երիցյանը նաեւ մտահոգություն հայտնեց , որ շուրջ 40 տարի մեծաքանակ բառապաշար ունեցող բառարանները չեն վերահրատարակվել, իսկ 21-րդ դարում դրանք պետք է վերահրատարակվեն էլեկտրոնային տարբերակներով:

Մայրենի լեզվին առնչվող բոլոր այս խնդիրները, ըստ Երիցյանի, քննարկվել են ԿԳՆ-ի, ինչպես նաեւ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ խորհրդակցության ժամանակ, որում առաջարկներ են եղել վերագործարկել տերմինաբանական խորհուրդը, կամ հայերենի բարձրագույն խորհուրդը եւ լեզվաքաղաքականության առաջիկա տասը տարիների ծրագիր մշակել:

news.am