Ժամը 13:30-ի սահմաններում անհայտ անձը իր մոտ եղած ապօրինի հրազենով «Վերնիսաժի» մոտ գործող «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքի մուտքի դիմաց կրակել է 5 անձանց վրա: Վիրավորներին տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ նրանց հինգին էլ ներկա պահին վիրահատում են եւ առողջական վիճակների մասին ոչինչ ասել չի կարող: Պետք է սպասել եւս երկու-երեք ժամ, երբ կավարտեն վիրահատությունները:

Լրագրողների այն հարցին, թե շարքային քաղաքացինե՞ր են արդյոք վիրավորները, բժիշկը ասել է, որ հիվանդանոցում բոլորն են շարքային: Հիվանդանոց տեղափոխվածների անունները արդեն հայտնի են. Հովհաննիսյան Վալերիկ՝ 30 տարեկան, Հարությունյան Նորայր՝ 30 տարեկան, Հայրապետյան Ալվինա՝ 64 տարեկան, Հայրապետյան Մյասնիկ՝ 26 տարեկան, Սուքիասյան Մնացական՝ 72 տարեկան:

gala.tv