Երիտասարդ+ինքնավստահ

Նույնիսկ ամուսնացած լինելու և երեխա ունենալու պարագայում երեսնամյա կինը թարմ տեսք ունի, ինչպես նաև ավելի ինքնավստահ է, քանի որ անցել է ոճային փնտրտուքի միջով, արդեն մի քանի անգամ փորձել է տարբեր ոճեր, սանրվածքներ, շպար և հստակ գիտի՝ ինչն է իրեն սազում:

Ավելի անկախ

Ուսանողական տարիներն արդեն անցյալում են, երեսնամյա կինն արդեն կայացած է, կյանքի մասին ունի ավելի հստակ պատկերացումներ, քան քսանամյա աղջնակը: Նա ավելի երկար ճանապարհ է անցել, ժամանակ է ունեցել իր նպատակներին հասնելու: Եվ ամենակարևորը՝ նա գիտի՝ ինչ է ուզում այս կյանքից:

Ավելի քիչ հուզական

Տղամարդկանց հաճախ է գրավում այն, որ երեսնամյա կանայք լաց չեն լինում ամեն մելոդրամայից ու հուզիչ նկարից: Այս կանայք արդեն տարբերում են՝ ինչն է կարևոր, ինչն՝ ուղղակի հուզական: Նրանք ավելի հանդուրժող են և խնդիր ունենալու դեպքում տաք գլխով չեն մտածում և գործում:

Ավելի երջանիկ

Երեսունը բոլորած մարդիկ շատ ավելի երջանիկ են իրենց զգում:
Friends Reunited-ի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ամենաերջանիկ տարիքը 33-ն է. հենց այդ տարիքում ես կարծես ազատվում մանկական միամտությունից ու իրատեսորեն գնահատում կյանքը, միաժամանակ սկսում ես ավելի լավատեսորեն նայել ապագային:

Ինչ են մտածում տղամարդիկ…

«30-ն անց կանանց հետ շատ ավելի հեշտ է. նրանք արդեն հասկացել են, որ ոչ մի հարաբերություն իդեալական լինել չի կարող: Ես գերադասում եմ անկախ, կյանքի որոշակի փորձ ունեցող, իր արժեքն իմացող 35-ամյա կնոջ հետ հանդիպել, ով 22-ամյա աղջնակի նման ծանր չի տանում, երբ հանկարծ մոռանում եմ ժամանակին զանգել իրեն …»:

Զավեն, 37 տ.

«Ինչո՞ւ եմ սիրում 30-ն անց կանանց… նրանք չեն ջանում ավելի երիտասարդ երևալ, քան կան: Եվ ավելի ներդաշնակ են իրենք իրենց ու աշխարհի հետ»:

Լևոն, 27 տ.

«Երբ 30-ը բոլորած կանայք ասում են, որ լուրջ հարաբերություններ են փնտրում, նրանք հստակ գիտեն՝ ինչ նկատի ունեն: Ավելի երիտասարդ կանայք դեռ փնտրտուքի մեջ են, չեն կողմնորոշվել ու հաճախ սխալ են պատկերացնում՝ ինչ պետք է անի և չանի իրենց կողքի տղամարդը: Իսկ 30-ն անց կինը գիտի, որ լուրջ հարաբերություններում պետք է զիջումների գնալ, բանակցել, հարգել միմյանց…»:

Սարգիս, 34 տ.

Cosmo-ի հոգեբան Տաթև Աղաբեկյան: Երեսունը թե´ կնոջ և թե´ տղամարդու կյանքում շատ կարևոր և բեկումնային տարիք է: Այս շրջանում կանայք անցում են կատարում դեռահասությունից դեպի հասուն կյանք, անում որոշակի եզրահանգումներ և ավելի շատ են կայունություն փնտրում հարաբերություններում: Նույնն էլ կատարվում է սեռական կյանքում՝ արդեն երեսունին մոտ կանայք ավելի լավ են հասկանում ու գիտակցում իրենց սեռական պահանջմունքներն ու ցանկությունները:
Այս շրջանը նաև կնոջ սեռականության ծաղկուն շրջանն է համարվում: Այս տարիքում կանայք իրենց փորձի ու բանիմացության հաշվին ավելի մեծ հաճույք են ստանում հարաբերություններից ու ավելի հեշտ են հասնում օրգազմի՝ օրգանիզմում կատարվող հորմոնալ փոփոխությունների շնորհիվ:

PS Այնպես որ, եթե դու արդեն երեսնամյա կին ես, վայելիր այս հրաշալի տարիքը, իսկ Cosmo-ն իր հերթին կհուշի քեզ՝ ինչպես երկարաձգել այս հրաշալի շրջանը:

cosmo.am