45-ից 54 տարեկան բրիտանացիների գրեթե մեկ երրորդը խոստովանել է, որ խռմփոցը կործանել է իրենց սեռական կյանքը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին, որն էլ վկայակոչում է նոր հետազոտությունը։

Պարզվել է նաև, որ Մեծ Բրիտանիայի խռմփացնող բնակիչների 37 տոկոսը ստիպված է գիշերել առանձին ննջասենյակում: Տղամարդկանց 69,9 տոկոսը և կանանց 65 տոկոսը նշել է, որ դրա պատճառով նրանք իրենց զուգընկերներից օտարված են զգում:

Բացի այդ, բրիտանուհիների 43,4 տոկոսի կարծիքով՝ խռմփոցը բացասական ազդեցություն է թողել իրենց հարաբերությունների վրա:

«Մարդիկ կարող են դյուրագրգիռ դառնալ անբավարար քնի դեպքում: Այդ դյուրագրգռությունը կարող է ազդել զույգի հարաբերությունների վրա: Եթե զուգընկերներն առանձին են քնում խռմփոցի հետ կապված խնդրի պատճառով, նրանք նվազեցնում են ֆիզիկապես մերձենալու հնարավորությունը»,- հայտարարել է Relate բարեգործական կազմակերպության մամուլի քարտուղար Քրիստին Նորթհեմը։


Աղբյուր՝ www.tert.am