«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքում այս տարվա օգտոստոսի 5-ին հրապարակված օրենսդրական փոփոխությունների իրականացման առաջարկության առնչությամբ, որով Հայաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախատեսվում էր ավելացնել «սեռական ոչ ավանդական հարաբերությունների քարոզչությունը» հակաօրինական դարձնող երկու հոդված, որոնք, ըստ կազմակերպության, խոսքի ազատության և լեսբուհի, գեյ, երկսեռ և փոխսեռական անձանց նկատմամբ խտրականության դրսևորում են:
«Ոստիկանությունն այդ ժամանակից հեռացրել է առաջարկությունն իր կայքից, և ըստ հաղորդագրությունների՝ չկան այս առաջարկությունը խորհրդարանում մոտակա ապագայում քննարկման դնելու մասին որևէ ծրագիր: Այնուամենայնիվ, մենք մտահոգություն ենք հայտնում առ այն, որ նման առաջարկություններ կարող են ներկայացվել այլ կազմակերպությունների կողմից և խնդրում ենք Ձեզ հետևողականորեն դեմ հանդես գալ իրավական նման միջոցներին, քանի որ դրանք անհամատեղելի են մարդու իրավունքների միջազգային օրենսդրության հետ և չեն նպաստի խորհրդարանական քննարկումների առաջխաղացմանը»,- ասված է կազմակերպության նամակում:
Հայաստանի նախագահ Սարգսյանին Human Rights Watch-ի պաշտոնական կայքում հրապարակված նամակում ասված է, որ Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակված և կայքից այնուհետև հանված օրենսդրական առաջարկությունը «նախատեսված էր պաշտպանելու Հայաստանի ընտանիքներին»՝ օրենքի պահանջները խախտած քաղաքացիների, պետական պաշտոնյաների և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանելով տուգանքներ Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձի 350-պատիկի չափով:
«Առաջարկության մեջ, սակայն, չէին սահմանվել «քարոզչությունը» և «սեռական ոչ ավանդական հարաբերությունները»,- գրում է իրավապաշտպան կազմակերպությունը՝ հավելելով. «Առաջարկության մեջ հստակ ձևակերպումների բացակայությունը նշանակում է, որ այն հնարավոր կլիներ օգտագործել՝ սահմանափակելու համար իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության խմբերի և ԼԳԵՓ անձանց կամ սեռական ոլորտի աշխատողների իրավունքներով զբաղվող այլ անձանց իրավունքները: Բացի այդ, այն խտրականություն կհանդիսանար ԼԳԵՓ անձանց նկատմամբ՝ նրանց սեռական ուղղվածության և գենդերային ինքնության հիման վրա»:
Հայաստանի նախագահին Human Rights Watch-ի կողմից հասցեագրված նամակը պնդում է, որ երկրի ոստիկանության կողմից առաջարկվող իրավական միջոցները հակաօրինական են և հակասում են մարդու իրավունքների ոլորտի միջազգային իրավական այն ակտերին, որոնց պարտավորվել է հետևել Հայաստանը:
Կազմակերպությունը հիշեցնում է նաև, որ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն իր թիվ CM/Rec (2010)5 հանձնարարականում նշել է, որ անդամ պետությունները, ներառյալ Հայաստանը, պետք է միջոցներ ձեռնարկեն՝ պայքարելու սեռական ուղղվածության և գենդերային ինքնության հիման վրա խտրականության դեմ:
Սերժ Սարգսյանին ուղղված նամակում Human Rights Watch-ը գրում է նաև, որ Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել ԼԳԵՓ անձանց սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավունքների պաշտպանության գործում Հայաստանի կառավարության թերացման մասին:
«ԼԳԵՓ անձանց նկատմամբ շարունակվում են խտրականությունների դրսևորումները զբաղվածության և առողջապահության ոլորտում, ինչպես նաև բռնություններ են կատարվում բանակում և ընտանիքներում: Կառավարությունը դեռևս չի ընդունել Հայաստանում ատելության հողի վրա իրականացվող հանցագործություններն արգելող օրենք, ինչի պատճառով ԼԳԵՓ անձինք խոցելի են մնում այնպիսի չարաշահումների դեմ, ինչպիսին էր 2012 թվականի մայիսին DIY ակումբի դեմ հոմոֆոբային հարձակումը: Խորհրդարանում սեռի, ազգային պատկանելության և տարիքի հիման վրա խտրականությունն անօրինական դարձնելուն ուղղված օրինագծից բացակայում է սեռական ուղղվածության վերաբերյալ քննարկումը»,- ասված է նամակում:
«Հայաստանի կառավարությանը հորդորում ենք աջակցություն ցուցաբերել ԼԳԵՓ անձանց մարդու իրավունքների համար և ձեռնարկել գործողություններ՝ խոչընդոտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և միջազգային իրավական այլ փաստաթղթերը խախտող իրավական ցանկացած միջոցների»,- ասվում է նամակում:
Աղբյուր՝ www.1in.am