Հարց.

Բարև Ձեզ ես ամուսնացած եմ արդեն 6 ամիս է, բայց ինձ մոտ կատարյալ հարաբերություններ չեն լինում:
Առնանդամի մուտքը չեմ թողնում մինչև վերջ, ցավոտ է:
Ինչից է ցավը և կա հղիանալու հնարավորություն թե ոչ:

Պատասխան.

Ըստ նկարագրության՝ խոսքը վագինիզմի մասին է, որի ժամանակ տեղի է ունենում հեշտոցամուտքի մկանների ակամա, ջղաձիգ կծկում՝ դրանով իսկ անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը: Սա սեռական խանգարում է, որը պահանջում է ԶՈՒՅԳԱՅԻՆ մոտեցում, այսինքն՝ բուժմանը մասնակցում են և՛ կինը, և՛ տղամարդը:

Հաճախ թյուրիմացաբար կարծում են, թե վագինիզմով տառապող կնոջ մոտ ամեն ինչ ժամանակի ընթացքում ինքնուրույն կկարգավորվի, սակայն իրականում ամեն ինչ ավելի բարդ է, քանի որ վագինիզմն այն վիճակն է, որը չի անցնում ո՛չ ալկոհոլի ազդեցությամբ, ո՛չ ժամանակի հետ, ո՛չ էլ ինքնուրույն ջանքերով: Վագինիզմով տառապող կինը պետք է գիտակցի իր մոտ առկա խնդիրը և փորձի հնարավորինս շուտ ազատվել դրանից, քանզի ժամանակի ընթացքում այն ավելի է խորանում, իսկ բուժումը՝ բարդանում:

Վագինիզմի առաջացման համար կինը մեղավոր չէ և հասկանալով իր մոտ առկա խնդիրը՝ նա չպետք է կաշկանդվի և համակվի մեղավորության զգացումով, հակառակը՝ պետք է լինի ուժեղ և ամուսնու ուղեկցությամբ դիմի սեքսոպաթոլոգի:

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Մ. Հերացու անվան
ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,
սեքսոպաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու