Արդեն 3 ամիս է ինչ գտնվում եմ տարօրինակ վիճակում, կարծես թե երազում լինեմ, կարծես գույները խամրած լինեն կամ մութ լինի, ձայները փոխվել են, խրոնիկ հոգնածություն եմ զգում:
Կարծես ես ինձ նման չլինեմ, ոչինչ ինձ չի ուրախացնում, չեմ կարողանում ցրվել, ամեն րոպե մտածում եմ թե ինչ է կատարվում, կարծես քնած լինեմ ու ամեն ինչ անում եմ ռոբոտի պես:
Սա դերեալիզացիա է ? ես ՎՍԴ ունեմ կարող է դրանից լինի?
Նշեմ, որ ունեցել եմ երկարատև սթրես:
Այն ժամանակ լինում էր այսպես, բայց մի քանի ժամ էր տևում, կարծես հարբած լինեմ:

Հարցին պատասխանում է
Առողջության եւ կրթության հայկական կենտրոնի
հոգեբանական ծառայության հոգեբան
Լիլիթ Խաչատրյանը


Նման դեպքերը առաջանում են երկարատեւ սթրեսային իրավիճակներից հետո, երբ ներքին հոգեբանական ռեսուրսները չեն բավարարում հակազդելու արտաքին գրգռիչին, վրա է հասնում հյուծվածության փուլը: Այս դեպքում կարեւոր է հասկանալ ինչից է սկսվել առաջին դրսեւորումները, մանրակրկիտ վերլուծել իրավիճակը եւ գտնել ներքին ուժեղ կողմերը, որոնց օգնությամբ կարող եք դուրս գալ նմանատիպ իրավիճակներից:

 Շատ կարեւոր է նաեւ ձեր առջեւ դնեք կարեւոր նպատակ եւ ձեր առօրյան հատկացնեք նպատակին հասնելու ելքերի փնտրմանն ու իրականացմանը: Պետք է հիշել, որ ցանկացած իրավիճակ ունի տարբեր ելքեր եթե չեք կարողացել դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ մի հուսահատվեք, քանզի սա նշանակում է, որ կա այլ տարբերակ, որը դեռ չեք փորձել:
Կարեւոր է նաեւ աշխատանք իրականացնել հույզերի կարգավորման ուղղությամբ:
Ստեղծեք իրավիճակ, որից կունենաք դրական հուզական ապրումներ: Ցանկացած բան, որը կառաջացնի հուզական լիցքաթափում եւ դա փորձեք իրականացնել օրվա մեջ հստակ ռեժիմով: Կարեւորը մի վախեցեք ստեղծված իրավիճակից, ընդունեք այն այնպես, ինչպես որ կա, եւ այս պահից սկսած փորձեք դրական փոփոխություններ ֆիքսել ձեր կյանքում:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: