Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 7-ին Երեւանի Տոլստոյի փողոցից առեւանգված եւ դաժան ծեծի ենթարկված ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծի գործով հետաքրքիր վարկածներ են պտտվում քննչական մարմիններում:

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ դրանցից մեկի համաձայն՝ ծեծի կազմակերպման մեջ իր դերակատարությունն ունի ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը համարվում է Ծառուկյանի մտերիմն ու հրապարակային միջոցառումների կազմակերպիչը: Որպես վարկածի հիմնավորում նշվում է, թե Մանուկյանը մի շրջապատում, խոսելով Արտակին առեւանգող ավտոմեքենայի համարանիշների մասին, ասել է, թե՝ համար չի երեւացել, համար չկա:

Մինչդեռ առեւանգվածի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, տեսանյութ է փոխանցել ոստիկաններին, որտեղ հստակ երեւում են ավտոմեքենայի համարանիշները: Այս առիթով էլ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ կերպով պարզել են, որ առեւանգող ավտոմեքենայի համարանիշները կեղծ են եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: