Անցել են ժամանակները, երբ հասարակությունը հատկապես կանանց տեղավորում էր սեռական ցանկություններից ակնկալիքների նեղ շրջանակում. անկողնում դժգոհություններ ունենալ կարելի էր լավագույն դեպքում մտքում: Բայց գուցե հենց այդ ժամանակների հետևանքն է մերօրյա իրականությունը, երբ վիճակագրությունը ցույց է տալիս՝ կանանց մեծամասնությունը հազվադեպ է օրգազմ ապրում սեռական ակտի ժամանակ:

Եթե խոսքը միայն հաճուք ստանալ-չստանալուն վերաբերեր, գուցե և հարցին դեռ չշտապեինք անդրադառնալ INTELSEXUAL-ում.  LADYNEWS-ին ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սեւադա Հակոբյանի մոտ ուղղորդեց մեր ընթերցողներից մեկի հարցը, թե արդյոք անօրգազմիան կարող է կանանց մոտ ավելորդ քաշի պատճառ դառնալ: Նա անգամ սեփական «վիճակագրության » վրա հիմնվելով՝ կատակով նկատել էր, որ ավելորդ քաշի խնդիր ունի միջին տարիքից բարձր հայ կանանց մեծ մասը:

Օրգազմը կնոջ՝ սեռական ակտի ժամանակ ունեցած ամենաուժեղ զգացողությունն է, կարելի է ասել՝ հաճույքի գագաթնակետը: Օրգազմի բացակայության՝ անօրգազմիայի  պատճառների, դրա հետևաքով հնարավոր խնդիրների մասին  պարզաբանումներ ստացանք սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանից …

«Տղամարդկանց դեպքում խնդիրը հեշտ է, քանզի նրանց մոտ յուրաքանչյուր սեռական ակտ ավարտվում է օրգազմով, սերմնաժայթքմամբ: Կանանց  համար  խնդիրն ավելի բարդ է. ոչ բոլորն են ունենում օրգազմ սեռական հարաբերությունից հետո:

Կնոջ մոտ յուրաքանչյուր օրգազմ հող է նախապատրաստում հաջորդ սեռական ակտի համար.  թողնում է դրական հիշողություններ ու էմոցիաներ նրա մտածողության մեջ: Այն պարագայում, երբ խանգարված է օրգազմի ֆունկցիան, կնոջ մոտ կարող են առաջանալ կանգային երեւույթներ կոնքի խոռոչի օրգաններում: Սա էլ իր հերթին հաճախակի կրկնվելու պարագայում կարող է հանգեցնել որոշակի բորբոքային հիվանդությունների առաջացման սեռական օրգաններում»:

Մասնագետի խոսքով՝ օրգազմի բացակայությունը կնոջ մոտ կարող է հանգեցնել մի շարք խնդիրների, այդ թվում՝ նաեւ հոգեհուզական բացասական տրամադրվածության ստեղծման. «Փսիխոսեքսուալ բավարարվածություն չստանալու հանգամանքը կնոջը կարող է դարձնել անուշադիր սեփական մարմնի նկատմամբ, կարող է առաջանալ նաեւ հորմոնալ դիսբալանս, որն էլ իր հերթին, հնարավոր է, պատճառ հանդիսանա կնոջ քաշի ավելացման: Իհարկե, դա ապացուցված չէ, սակայն անուղղակի վերլուծություններով կարելի է հանգել այն եզրակացության, որ անօրգազմիայի պատճառով առաջացած պաթոլոգիկ փոփոխությունները սեռական օրգանների շրջանում, այդ թվում՝ նաեւ ձվարաններում (վերջիններս կանանց մոտ, ինչպես գիտենք, էստրոգեններ` կանացի սեռական հորմոններ, արտադրող  հիմնական օրգաններն են) կարող են վերջիվերջո  պատճառ դառնալ  նյութափոխանակության խանգարման: Իսկ վերջինիս դրսեւորումներից մեկն էլ ճարպային հյուսվածքի գերակշռումն է, քաշի ավելացումը»:

Սևադա Հակոբյանի ներկայացրած տվյալներով՝ օրգազմի բացակայության եւ վերջինիս հետեւանքները հուզում են հատկապես միջին տարիքի կանանց. այդ շրջանում է, որ կնոջ մոտ արթնանում է «երկրորդ սեքսուալությունը». «Կինն ունի երկրորդ սեքսուալության արթնացման տարիք, երբ նրա մոտ մեծանում է սեռական ցանկությունը: Կանայք սկսում են ավելի հաճախ ապրել սեռական կյանքով, ուստի  հարաբերության որակական կողմը, այսինքն՝ օրգազմի զգացողություն ունենալը, նրանց մոտ շատ ավելի շոշափելի է դառնում  հենց այդ տարիքում»:

Մասնագետն անդրադարձավ նաեւ կնոջ անօրգազմիայի պատճառ դարձող խնդիրներին. «Անօրգազմիան զույգի ֆունկցիայի խանգարումն է. միայն մեկ անձի խնդիր չէ, լուծման համար էլ պետք է շահագրգռված լինի զույգը: Կնոջ մոտ հաճախ լինում են բացասական էմոցիաներ՝ պայմանավորված սեռական կյանքի մասին ապատեղեկատվությամբ, հոգեսեռական զարգացման ընթացքում տեղ գտած որոշակի խանգարումներով, միջանձնային փոխհարաբերությունների աններդաշնակ ընթացքով: Կանայք շատ հաճախ օրգազմի իմիտացիա են անում՝ զուգընկերոջը չնեղացնելու համար, սակայն այդ երեւույթի հաճախակի կրկնությունը կարող է հանգեցնել մի վիճակի, երբ  կինը կտրականապես հրաժարվում է սեռական կյանքից: Պատահում է նաև այն դեպքը, երբ  տղամարդու մոտ տեղի է ունենում սերմնաժայթքումը, իսկ կինը դեռ օրգազմ չի ապրել, այսինքն՝ սեռական ակտի ոչ բավարար տեւողությունը»:  Սեքսոպաթոլոգը նաև հավելեց, որ ոչ մի կին օրգազմի զգացողությունը նույն կերպ չի նկարագրում. շատ կանայք, օրգազմ ապրելով, չեն էլ գիտակցում՝ դա այդ զգացողությունն է:

«Ինչպես գիտենք, կանայք ունենում են հեշտոցային, ծլիկային եւ խառը տիպի օրգազմի զգացողություններ, սակայն այս տեսակները ժամանակի ընթացքում կարող են փոխարինել միմյանց. ամենակատարյալը համարվում է հեշտոցային օրգազմը: Կնոջ՝ օրգազմ զգալու նրբություններին տղամարդու ոչ լիարժեք տիրապետումը նույնպես կարող է պատճառ հանդիսանալ սեքսուալ խնդիրների առաջացման, օրինակ՝ կնոջ մարմինը լավ չճանաչելը, էրոգեն գոտիները չիմանալը, համապատասխան ստիմուլացիայի բացակայությունը»,- նշեց Սեւադա Հակոբյանը:

Անկողնում ներդաշնակության և հաճույքի հասնելու համար մասնագետն առաջին նախապայման է համարում այն, որ զույգը կազմվի փոխադարձ սիրո եւ համակրանքի հիման վրա, իսկ կանայք էլ աշխատեն երբեք չկորցնել իրենց կանացի գրավչությունը, վստահությունը սեփական սեքսուալության ու հմայքի հանդեպ:
http://ladynews.am/arm/