Մասշտաբներով աննախադեպ այդ համաժողովը կազմակերպել են Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը և դերասանուհի Անջելինա Ջոլին, որը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Համաժողովը 25 տարի տևած արշավի ավարտն է, որի նպատակը եղել է այդ խնդրին ուշադրություն հրավիրելը:

Հեյգը համաժողովի մասնակից 140 երկրների ներկայացուցիչներին կոչ է արել սեռական բռնության դեմ միջոցներ ձեռնարկել արդեն բանակային նախապատրաստության փուլում: Նա բռնաբարությունն անվանել է «մեր ժամանակների ամենասարսափելի զանգվածային հանցագործություններից» մեկը:

Լոնդոնյան գագաթնաժողովը հակամարտության գոտիներում սեռական բռնության թեմայով խոշորագույններից է աշխարհում: Դրա աշխատանքներին մասնակցում են արտաքին գործերի նախարարությունների, ռազմական գերատեսչությունների, իրավապահ մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից:

Գագաթնաժողովի կազմակերպիչները հույս ունեն, որ համաշխարհային հանրությունը կգիտակցի, որ սեռական բռնությունը չպետք է դառնա զինված հակամարտությունների անբաժանելի մաս:

Վերջին տարիներին Ուիլյամ Հեյգն ու Անջելինա Ջոլին մի քանի անգամ հանդիպել են բռնության զոհերի հետ:

Հեյգն ու Ջոլին իրենց արշավն սկսել են 2 տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր 141 երկրների ներկայացուցիչներ ստորագրել են հակամարտությունների ընթացքում սեռական բռնությանը վերջ տալու պարտավորության մասին հռչակագիր:

1in.am