Դաշտանային ցիկլի ընթացքում կան կոնկրետ օրեր, երբ դու ոչ միայն հրաշալի ու սեքսուալ տեսք ունես, այլև նույնպիսի ինքնազգացողություն: Իհարկե, չենք ասում, որ ամեն ինչ պլանավորես միայն այդ օրերին, բայց այդ գաղտնի զենքը դու պարտավոր ես օգտագործել քո օգտին:

Ըստ Աննա Դևիսի

Ահա մի սեքսուալ գաղտնիք, որն օգնել է մարդ արարածի գոյատևմանը: Մարդկության առաջացման ամենավաղ օրերից ի վեր իգական սեռի ներկայացուցիչները սեքսի հնարավորություններ բնազդաբար որոնել և գտել են այն օրերին, երբ ամենաշատն են պատրաստ եղել հղիանալու. չնայած նրանք գաղափար իսկ չունեին, թե հարևան քարանձավում բնակվող տղամարդն ինչու է իրենց այդչափ հետաքրքրում հենց այդ օրերին: Այսօր արդեն ժամանակակից գիտությունն ապացուցել է, որ բնական դաշտանային ցիկլ ունեցող կանայք (այսինքն, երբ չեն օգտագործում որևէ հակաբեղմնավորիչ հաբ կամ հորմոնների վրա ազդող այլ մեթոդներ), ունենում են ֆիզիկական և վարքագծի փոփոխություններ այն մի քանի օրերին, երբ նրանց օրգանիզմն ամենապատրաստն է բեղմնավորմանը: Այս փոփոխությունների հանրագումարը քեզ ավելի գրավիչ ու ցանկալի է դարձնում, քան երբևէ եղել ես:

Դառնում ես ավելի հմայիչ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ձվազատման (օվուլյացիա) օրերին քո մարմինը ենթարկվում է որոշակի փոփոխությունների. կոնք-գոտկատեղ հարաբերակցությունդ դառնում է ավելի ընդգծված, իսկ կուրծքդ՝ ավելի սիմետրիկ: Օլբանիի համալսարանի հոգեբանության դասախոս դոկտոր Գորդոն Գելափը բացատրում է, որ այդ երկու նշաններն էլ այն բանի ապացույցն են, որ դու առողջ ես ու պատրաստ բեղմնավորման: Եվ եթե նույնիսկ ինքդ գաղափար չունես այս փոփոխություններից, դրանք բավականաչափ ակնառու են, որպեսզի մյուսները նկատեն և համարժեք արձագանքեն դրանց: Այսպես՝ մի փորձի ժամանակ մասնակիցներին ներկայացրել էին լուսանկարներ և առաջարկել ընտրել ամենագրավիչները: Մասնակիցների ընտրած լուսանկարները հիմնականում արվել էին կանանց ձվազատման շրջանում:

Դառնում ես ավելի ցանկալի

Ծանոթ-անծանոթ, թե սեփական ամուսին, նրանք բոլորն էլ ամսվա այդ օրերին քեզ ավելի են ցանկանում: Բացի ավելի սեքսուալ դարձած քո կազմվածքից, տղամարդկանց ձգում են նաև քո ֆերոմոնները: Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ օվուլյացիայի շրջանում գտնվող կանանց քրտինքոտ շապիկների հոտը գերադասում են մյուս կանանց շապիկների հոտից: «Եվ չզարմանաս, եթե քո զուգընկերն անակնկալ որոշի տեսնել քեզ այն ժամանակ, երբ դու ընկերուհիներիդ հետ ուրբաթ երեկոյան ժամանակ ես անցկացնում»,- զգուշացնում է դոկտոր Սթիվեն Գանգեստադը, ում իրականացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ ցուցաբերում են «պահակություն» անելու վարքագիծ այն ժամանակ, երբ կինը գտնվում է իր ցիկլի ամենաբեղուն փուլում: Քանի որ այդ օրերին նա անընդհատ ձգտում է քո կողքին լինել, գուցե հենց դա էլ ամենալավ հնարավորությունն է նրան հրավիրել ծնողներիդ հետ ծանոթանալու: Շա՞տ խորամանկ քայլ է: Գուցե: Բայց դե…

 

Շարունակությունը` այստեղ: