Գործի նյութերի համաձայն, 23-ամյա Ռադիկ Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 18 տարին լրացած անձ, գտնվել է փաստացի ամուսնական կապի մեջ ակնհայտ 16 տարին չլրացած Ա. Հ-ի հետ: Վերջինիս համաձայնությամբ, Ռադիկը նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն, որի հետեւանքով Ա. Հ-ն հղիացել է: Առաջադրված մեղադրանքում Ռ.Մ-նն իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ ցուցմունք տվել, որ մասնակցելով Երեւան քաղաքի բնակչուհի Ա. Հ-ի ծննդյան արարողությանը, ծանոթացել է վերջինիս հետ եւ սկսել համակրել նրան: Դրանից հետո իրենք միմյանց հետ շփվել են համացանցի միջոցով, հեռախոսազրույցներով, իսկ մեկ ամիս անց նաեւ հանդիպել են:

Այդ ընթացքում ինքն Ա. Հ-ի հորը խնդրել է թույլ տալ ընկերություն անել Ա. Հ-ի հետ եւ ստացել վերջինիս համաձայնությունը: Արդյունքում ծնողների հետ գնացել է Ա. Հ-ի ձեռքը խնդրելու եւ նշանադրության համար օր պայմանավորվելու:

Նշանադրությունից հետո Ա. Հ-ին տարել են Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող իրենց տուն եւ նույն գիշերն ինքը սեռական հարաբերություն է ունեցել արդեն իր կին հանդիսացող Ա. Հ-ի հետ՝ իմանալով, որ նրա 16 տարին դեռ չի լրացել: Ամուսնությունից հետո Ա. Հ-ն բնակվել է իրենց տանը եւ միասին վարել են համատեղ ամուսնական կյանք, որի ընթացքում փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել միմյանց հետ, որի հետեւանքով իր կինը՝ Ա. Հ-ը հղիացել է: Թեեւ ինքը տեղյակ է եղել, որ Ա. Հ-ի 16 տարին դեռ չի լրացել, սակայն չի իմացել, որ 16 տարին չլրացած անչափահաս իր կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու համար ինքը կենթարկվի քրեական պատասխանատվության:

Քննելով գործը դատարանը վճռել է Ռ. Մ-ին ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով նախատեսված հանցանքում եւ նրան դատապարտել տուգանքի ՀՀ նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով:

news.am