Այսօր կեսօրին ճանապարհային ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցները հանկարծակի ներկայացել են ԳԱԼԱ հեռուստաընկերության լրատվության ծառայության աշխատակից, վարորդ Արմեն Պետրոսյանի բնակարան՝ այն պահին, երբ Արմեն Պետրոսյանը ընդմիջման ժամին գնացել է տուն եւ պահանջել են անհապաղ ներկայանալ «Գայի պետի» հետ զրուցելու:

«Տանն էի, հաց էի ուտում, դուռը խփեցին, տանը կինս էր ու երկու տարեկան երկու դուստրերս: Գնացի դուռը բացեցի, տեսա համազգեստով մարդիկ, տեսան, որ հաց էի ուտում, ասացին՝ արի պետի մոտ: Հարցրի՝ ինչո՞ւ, չպատասխանեցին, ասացին՝ պետը զրուցել է ուզում: Զարմացա: Հարցրի՝ կարո՞ղ եմ գոնե «կուռտկաս» հագնեմ: Ասին՝այո, այդ պահին հեռախոսազանգ ստացա, որ ԳԱԼԱ հեռուստաընկերության տնօրենի մոտ են կանչում: Հարցրի՝ ես աշխատանքի մեջ եմ, կարո՞ղ եմ ներկայանալ տնօրենին, առաջարկեցի վերցնել իմ փաստաթղթերը, բայց ասին՝ ոչ, պիտի գաս մեզ հետ, «Գայի» պետը սպասում է»,-պատմում է ԳԱԼԱ ՀԸ աշխատակից Արմեն Պետրոսյանը:

Պետրոսյանը նստել է ավտոմեքենայի ղեկին ու սկսել է վարել մեքենան, մի քանի րոպեից երկրորդ հեռախոսազանգն է ստացել ԳԱԼԱ հեռուստաընկերությունից:

«Ես ասացի՝ չեմ կարող գալ, ինձ կանչում են: Իրանցից մեկը կողքս էր նստել, մյուսը կողքիցս էր վարում: Հետո ղեկը աջ էր փորձում դարձնել, մի կերպ հակառակ ուղղությամբ պտտեցրի ու կանգնեցի «Նանե» հոթելի դիմաց: Իջա մեքենայից, էնտեղ չգիտեմ, ինչ-որ բաներ էին ասում՝ հոծ գիծ են խախտել, թե ինչ… բան չէի հասկանում: Ո՛չ ծանուցագիր կար մոտները, ո՛չ մի բան չէին ասում, մենակ ասում էին պտի գաս, բայց ու՞ր չգիտեմ»,-պատմում էր Արմեն Պետրոսյանը:

ԳԱԼԱ հեռուստաընկերության նկարահանող խմբերը հասել ու հասցրել են ֆիքսել արդեն «Նանե» հոթելի դիմաց տեղի ունեցածը, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները մի քանի մեքենաներով շրջափակել ավտոմեքենան եւ այնուհետ ինչպես են վարորդի ձեռքերը ոլորելով ստիպել, որ նստի մեքենան եւ գնա նրանց հետ:

Հարցին, թե ինչի՞ համար եք տանում «Գայի» պետի հետ զրույցի, աշխատակիցները պատասխանել են, թե երեք օր առաջ Արմեն Պետրոսյանը խախտում է թույլ տվել, խախտել է հոծ գիծը, եւ ոստիկանները կատարում են Գյումրու նորանշանակ ոստիկանապետ Ս. Մարտիրոսյանի հանձնարարությունը:

Նշենք, որ այս պահին էլ մեքենան կայանած է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակում:

Հարկ է նշել, որ ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակից Արմեն Պետրոսյանի մեքենան ոչ մի անգամ չեն կանգնեցրել տուգանային հրապարակում, վարորդը պնդում է, որ ինքը ոչ մի օր ոչ մի խախտում թույլ չի տվել, առավել եւս նրան այդ մասին տեղյակ չի պահվել, չկա համապատասխան ծանուցում այդ մասին, չկան նաեւ տեսանկարահանումներ եւ փաստեր այն մասին, որ վարորդը թույլ է տվել որոշակի խախտում:

«Ինձ «Գայ»-ի մեքենան չի կանգնեցրել, ոչ էլ թուղթ է եկել, որ խախտում եմ արել, ոչ էլ նկարած բան կա, մենակ եկել են, կանչել են ու որ չգնացի, փաստաթուղթ պահանջեցի, արդեն 3-4 ավտոմեքենա ոստիկան եկավ, ինձ տարան եւ մեքենաս վերցրեցին»:

ԳԱԼԱ-ի այն հարցրին, թե բոլոր խախտում կատարած վարորդների հետ եք նման կերպ վերաբերվում՝ այցելելով տները եւ այլն…, ոստիկանության աշխատակիցները պատասխանել են.՝«Ո՛չ, վարորդը անկարգություններ է թույլ տվել»,-չհիմնավորելով, թե ի՞նչ անկարգության մասին է խոսքը:

Հավելենք, որ խոսակցությունների ընթացքում ճանապարհային ոստիկանները արդարացել են, որ հրահանգը վերեւից, որ իրենք «ո՛չ դիմություն են, ո՛չ ընդդիմություն, օրենքի մարդ են», եւ որ որեւէ խնդիր չունեն ու հակված են հնարավորինս արագ թոթափել «բեռը»: Պարզապես վերեւից եկած հրահանգը իրավապահ մարմինները կատարում են շատ անգրագետ՝ առանց օրենքի տառը հաշվի առնելու: