Ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությունն ավարտվեց և փակվեցին ՀՀ բոլոր ընտրատեղամասերը: Տեղամասերի փակումից հետո սկսվեց ձաների հաշվարկը: Երկրի 41 ընտրատարածքներում ընտրությունների կազմակերպման համար ձևավորվել էր 1988 տեղամասային կենտրոն: Քվեարկությունը մեկնարկեց առավոտյան ժամը 08:00-ին, մինչ այդ, ժամը 7-ին, տեղի ունեցան տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերը:

Առավոտյան ժամը 8-ից բաց էր նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնը, որը քվեարկության մասնակցության վերաբերյալ տվյալներ հրապարակեց 3 ժամը մեկ: Ժամը 12-ին, 15-ին, հրապարակվեցին տեղեկություններ մինչև համապատասխանաբար ժամը 11-ը, 14-ը, 17-ը և քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի և ստացված դիմումների, հաղորդումների վերաբերյալ: Ժամը 20-ի դրությամբ մասնակցության տվյալները կհրապարակվեն ժամը 21:00-ին:

Նշենք, որ ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քաղաքացիների 49,81%-ը կամ 1.259.374 ընտրող:

Հիշեցնենք, որ 6-րդ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուներն են «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, անկուսակցականներ` Անդրիաս Ղուկասյանը և Արման Մելիքյանը, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, անկուսակցական Վարդան Սեդրակյանը: