Սարգսյանն ընտրատեղամաս է ժամանել կնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Քվեարկությունից հետո նա լրագրողներին հայտնել է, որ քվեարկել է հանուն ապահով Հայաստանի: «Ես քվեարկել եմ հանուն Հայաստանի ապագայի, հանուն մեր քաղաքացիների եւ մեր ժողովրդի ապահովության»,- ընդգծել է Սարգսյանը:

Հիշեցնենք, Հայաստանում այսօր անցկացվում են պատմության մեջ վեցերորդ նախագահական ընտրությունները: Հանրապետության ողջ տարածքում ժամը 08:00-ին բացվել է 1988 ընտրատեղամաս: Ընտրելու իրավունք ունի գրեթե 2,5 մլն քաղաքացի: Որպեսզի ընտրությունները կայացած համարվեն, քվերակությանը պետք է մասնակցեն ընտրողների կեսից ավելին: Քաղաքացիները կարող են քվեարկել ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն: Ընտրացուցակներում ընտրողների թիվը մոտ 2,5 մլն է: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուները պետք է ստանան քվեների 50%-ը + 1 ձայն: Հակառակ դեպքում երկու շաբաթ անց տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:

Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայի ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը եւ որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: