Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Նշենք, որ հակառակորդը վերջին օրերին ինտենսիվ խախտում է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում: Սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման հետեւանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը` Բերդավանից, մեկը՝ Պառավաքարից։ Բոլոր 3 զոհերը կանայք են, երկուսը՝ տարեց, մեկը` 41 տարեկան: Կա 4 վիրավոր: Նրանցից երեքը հիվանդանոցում են, մեկը դուրս է գրվել:

news.am