26-ամյա  Մհեր Բ.-ն մեղադրվում է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով, ոստիկանության Կապանի բաժնի նախկին պետի եւ տեղակալի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու մեջ: Սյունիքի  մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

Գործի նյութերի համաձայն՝ 26-ամյա Մհեր Բ.-ն, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Ոստիականության Կապանի բաժնի վարչական շենքի մուտքի մոտ, հասարակության, Կապանի Երկաթուղայինների թիվ 3 բազմաբնակարան շենքի բնակիչների եւ աշխատավայրում ծառայողական պարտականություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով, ոստիկանության Կապանի բաժնի նախկին պետի եւ տեղակալի հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ իր գործողություններով շուրջ 7 րոպե դիտավորությամբ կոպիտ խախտել հասարակական կարգը` խափանելով ոստիկանության բաժնի բնականոն աշխատանքը:

Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 50-պատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ 1 ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 28-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


Աղբյուր՝ news.am