Դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում մեկնարկած ՀԱԿ-ի երթի մասնակիցները, հասնելով դեպի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փակ շուկա»  սկսեցին սուլել ու բղավել «Լֆիկ, բարերար»՝ իրենց դժգոհությունը հայտնելով «Երեւան սիթի» դարձնելու հետեւանքով «Փակ շուկայի» ճարտարապետական արժեքը աղճատելու դեմ։

Նույն կերպ դժգոհության բացականչություններով ու սուլոցներով երթի մանսակիցներն անցան նաեւ Ռուսաստանի դեսպանատան կողքով, նրանց մի մասը միջնամատ ցույց տվեց դեսպանատան ուղղությամբ։

Ֆրանսիայի դեսպանատան մոտ երթի մասնակիցներից մի քանիսը սկսեցին վանկարկել Ֆրանսիական մեծ հեղափոխության կարգախոսը՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն»։

Երթն առաջնորդում են Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը։

Երթի մասնակիցներին ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ, շտապօգնության մեքենաներ, ճանապարհին նրանց միանում են այլ քաղաքացիներ։ Երթին սեւ եւ կարմիր ժապավեններով բերանները փակած եւ Շանթ Հարությունյանի պատկերով շապիկներով մասնակցում է նաեւ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը մի խումբ մարդկանց հետ։ Երթի կազմակերպիչներից է նաեւ Ազատամարտիկների խորհուրդը։

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը վեց կետից կազմված բանաձեւ է տանում հանձնելու ԵԽ գրասենյակին, որում միջազգային հանրությանը կոչ են անում աչք չփակել Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման վրա եւ ՀՀ իշխանություններին ստիպել կատարել իրենց միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։


Աղբյուր՝ news.am