Խորվաթիայի հանրաքվեում զգալի տարբերությամբ հաղթել են նույնասեռական ամուսնությունների հակառակորդները, վկայում են  երկրի Պետական ընտրական հանձնաժողովի հրապարակած համաժողովրդական հանրաքվեի նախնական արդյունքները:

Կիրակի կայացած հանրաքվեին քաղաքացիները պետք է պատասխանեին «Համաձայն եք դուք արդյոք, որ Սահմանադրութամբ ամուսնությունը պետք է սահմանվի որպես տղամարդու եւ կնոջ միություն» հարցին: Դրան կողմ է քվեարկել քաղաքացիների 65%-ը, դեմ` 34%-ը, քվեաթեթիկների  եւս  1% անվավեր է ճանաչվել: Խորվաթիայի ընտրական հանձնաժողովը հաշվել է 90% ընտրատեղամասերի տվյալներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մասնակցությունը կազմել է 38%,  ընտրելու իրավունք է ունեցել 3,8 միլիարդ մարդ: Ընտրատեղամասերը բացվել էին առավոտյան 7.00 –ից մինչեւ 19.00: Հանրաքվեն  կայացած է համարվում մասնակցության ցանկացած տոկոսի դեպքում, իսկ ելքը վճռվում է ձայների պարզ մեծամասնությամբ:

Հանրաքվեն կազմակերպվել էր «Հանուն ընտանիքի» պահպանողական քաղաքացիական խմբի նախաձեռնությամբ, որը կարողացել էր 750 հազար ստորագրություն հավաքել:  Նախաձեռնությանն աջակցել էին կաթոլիկ եկեղեցին, առաջատար ընդդիմադիր  «Խորվաթիայի դեմոկրատական համագործակցություն» կուսակցությունը եւ աջ կազմակերպությունները: Սեռական փոքրամասնությունների միությունը, իրավապաշտպանները եւ իշխանությունները, նախագահ Իվո Իոսիպովիչի եւ վարչապետ Զորան Միլանովիչի գլխավորությամբ, հանրաքվեին դեմ էին եղել` մատնանշելով, որ այն խախտում է փոքրամասնությունների իրավունքները:


Աղբյուր՝ news.am