Այսօր Կառավարության շենքի մոտ էր եկել Գյումրիի բնակչուհի, ՌԴ քաղաքացի, 60-ամյա Թամարա Վարդանյանը: Վերջինս նախ երկար-բարակ պատմեց իր մասին, թե ինչպես է 2000-ին իր փոքր արտադրամասում դուստրը ծանոթացել մի տաջիկ բանվորի հետ և փախել Տաջիկստան, թե ինչպես է ինքը 2005-ին մեկնել այնտեղ և բռնության ենթարկվել աղջկա սկեսրայրի եղբոր կողմից, ինչպես է դիմել փախուստի, հայտնվել հետախուզման մեջ, ինչպես է 2010-ի մայիսին հատել Վրաստանի սահմանը: Տաջիկստանի ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզումն առ այսօր չի դադարեցրել, ինչպես ինքն է ասում՝ «իբր 100 հազար դոլար խարդախության համար»:

Թամարա Վարդանյանը, շարունակելով իր պատմությունը, ասաց, որ երեք ամիս առաջ զանգել են, թե աղջիկը մահացել է Տաջիկստանում, սակայն ավելի ուշ պարզել է, որ հոգեբուժարանում է: Նա խնդրանքով դիմել է Սամվել Ալեքսանյանին, որ գումար տա՝ ուղարկի դստեր բժշկին: «Մի բառ ասացի՝ աղջիկս մահամերձ է, հանեց՝ գումար տվեց: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում: Ասում են Հայաստանում օրենք չկա, բայց այն կա, ես իմ աչքով տեսա… անմոռանալի է»,- Սամվել Ալեքսանյանի գովքն էր անում Թամարա Վարդանյանը՝ զամանալով, թե մարդիկ ինչու են դժգոհում պետությունից, նախագահից, Սամվել Ալեքսանյանից…

Թամարա Վարդանյանը եկել էր հրապարակավ շնորհակալություն հայտնելու Սամվել Ալեքսանյանին՝ այդքան բարի անձնավորություն լինելու համար:

Աղբյուր՝ www.1in.am