Արեւմտյան մամուլի ձեռքում է հայտնվել Մոնիկա Լեւինսկիի՝ ԱՄՆ-ի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնին հասցեագրված ձայնագրությունը: 22-ամյա Լեւինսկին պետության ղեկավարին համոզում է հանդիպել իր հետ: Հետագայում այդ կապի պատճառով Քլինթոնը քիչ էր մնում զրկվեր նախագահական աթոռից, հայտնում է Radar Online-ը:
3 րոպե 47 վայրկյան տեւողությամբ ձայնագրությունը հայտնվել է ամերիկյան National Enquirer-ի լրագրողների ձեռքում: Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այն ամբողջությամբ չեն թվայնացրել եւ համացանցում չեն տեղադրել` սահմանափակվելով միայն Լեւինսկիի մենախոսությամբ: Տեքստը հրապարակվելու է թերթի համարում:
Հաղորդվում է, որ Լեւինսկին որոշել էր Քլինթոնին հաղորդագրություն թողնել ինքնապատասխանիչի վրա, քանի որ հոգնել էր նամակներ գրելուց: Ըստ ձայնագրության` Լեւինսկին լուրջ էր տրամադրված, հաղորդում է Vesti.ru-ն:
«Ես քեզ երկու առաջարկ ունեմ, սակայն մենք անպայման պետք է հանդիպենք: Ես չափազանց լավիկն եմ, դու չես կարողանա ինձ մերժել, այնպես չէ՞: Ես կարող եմ ամբողջությամբ մերկանալ եւ ավելին: Հուսով եմ` քեզ դուր կգա իմ գաղափարը», – ասում է աղջիկը:
Ձայնագրությունն արվել էր 1997թ. նոյեմբերին: Քլինթոնի օգնականուհին ԱՄՆ-ի նախագահին խորհուրդ է տալիս քարտուղարուհուն հայտնել գրաֆիկի փոփոխությունների մասին եւ ազատ ժամանակ իր հետ կինո կամ որեւէ տեղ ընթրելու գնալ: National Enquirer-ի լրագրողներին հաջողվել է այս ձայնագրությունը ձեռք բերել Լեւինսկիի ծանոթներից, որոնք ցանկացել են անհայտ մնալ: Ավելի վաղ կարծում էին, որ ձայնագրությունը ոչնչացվել է:
Մոնիկա Լեւինսկիի հետ Բիլ Քլինթոնի սիրավեպը տեղի է ունեցել 1997թ.: Թեեւ ԱՄՆ-ի 42-րդ նախագահը կարողացել էր խուսափել պաշտոնանկությունից, սակայն 2000թ. այդ սկանդալի պատճառով դեմոկրատները պարտվել էին հերթական նախագահական ընտրություններում:
Աղբյուր՝ news.am
