ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի փոստանջյանը ԱԺ մեկ այլ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ բավականաչափ փաստեր ունի` «Փակ շուկայի» գործով նրանց պատասխանատվության ենթարկելու համար:
Փոստանջյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հերմինե Միքայելյանի խոսքով «Փակ շուկան» կառուցապատողի կողմից թույլ են տրվել օրենքի խախտումներ` մասնավորապես առանց համապատասխան շինթույլտվության ապօրինի շինարարություն է կատարվել, իսկ իրավապահ մարմիններն այդ ամենը կանխելու համար որևէ միջոցառում չեն ձեռնարկել, բացի այդ` ըստ փաստաբանի` պետական մարմինների կողմից հովանավորչություն է եղել:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Փակ շուկայի գործով» հերթական դատական նիստից հետո պատգամավորը հայտարարեց, որ իր իր հիմնական նպատակը «Փակ շուկան» նախկին տեսքի բերելն է:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե շենքն արդեն կառուցապատված է, ինչպես է դա հնարավոր, պատգամավորը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է ցանկության և օրենքի հարգման դեպքում»:
Նշենք, որ պատգամավորի դիմումի համաձայն քննվող այսօրվա դատական նիստը հետաձգվեց` մեղադրող դատախազի բացակայության պատճառով: Երբ դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց դատախազի ուղարկած գրությունն այն մասին, որ ինքը քննությունների է և չի կարող մասնակցել նիստին և առաջարկեց հետաձգել նիստը` պատգամավորի ներկայացուցիչն առարկեց, նշելով, որ դա հիմք չէ նիստը հետաձգելու համար:
«Երբ, որ դիմողը (Զարուհի Փոստանջյանը) Ղափանում էր և նիստն այդ կապակցությամբ հետաձգվեց դա հիմք էր, բայց երբ դատախազն է քննության` հիմք չէ՞»,-նկատեց դատավարը:
Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 15-ին:
Աղբյուր՝ www.yerkir.am
