Ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է սուտ մատնություն կատարելու վերաբերյալ հերթական գործի դատավարությունը:
Հերթական կինն է դատվել՝ տղամարդուց վրեժ լուծելու նպատակով նրան բռնաբարության համար մեղադրելու գործով:
Մարդուն ծանր հանցագործության համար մեղադրելը՝ որպես վրեժխնդրության միջոց, ավելի ու ավելի հաճախ է կիրառվում այն դեպքում, երբ անընդհատ խոսվում է սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկվողների մասին:
Քանի որ համանման շատ գործեր վերաբերում են մարդկանց անձնական կյանքի մանրամասներին, Հայաստանն էլ այնքան փոքր է, որ անվան սկզբնատառերով ու միայն մարզի հիշատակումով արդեն որոշվում է, թե ում մասին է խոսքը, ներկայացվող գործում փոխված են հերոսների անունները, մարզն էլ չի նշվում:
38-ամյա Կարինեն ամուսնացած է եղել, երեխաներ ունի: Ամուսնալուծությունից հետո երեխաները մնացել են հոր մոտ՝ գյուղում, իսկ Կարինեն մեկնել է մարզկենտրոն ու բնակություն հաստատել հանրակացարանում:
2012 թվականի հուլիսին Կարինեն ծանոթացել է գործով տուժող, պայմանագրային զինծառայող Մարզպետունու հետ:
Նրանք մի քանի անգամ փողոցում հանդիպել են, զրուցել: Կարինեն Մարզպետունուն կանչել է՝ դռան փական սարքելու կամ այլ անսարքություն վերացնելու:
Մի անգամ էլ Կարինեն Մարզպետունու մեքենայով, ծանոթուհու ուղեկցությամբ գնացել է գյուղ՝ իր երեխաներին տեսության:
2012 թվականի սեպտեմբերին Կարինեն կանգառում հանդիպել է Մարզպետունուն, զրույցի ընթացքում հրավիրել իր տուն:
Հաջորդ օրը, ժամը 21-ին Մարզպետունին այցելել է նրան, մի քանի րոպե մնացել, ապա խանութ է գնացել, սննդամթերք առել ու վերադարձել:
Միասին հաց են կերել, միասին էլ, ըստ մեղադրանքի, գնացել են ննջարան:
Կարինեն «մահճակալի մի կողմում է հագուստները հանել», իսկ Մարզպետունին՝ «մյուս կողմում»: Ապա փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել իրար հետ:
Հոկտեմբերին Կարինեն, մտածելով, թե ինքն էլ է մենակ, Մարզպետունին էլ, ու վատ չի լինի, եթե ամուսնանան իրար հետ, փողոցում տեսնելով Մարզպետունուն՝ ասել է, թե հղի է նրանից: Առաջարկել է ամուսնանալ իր հետ:
Բայց Մարզպետունին արհամարհական պատասխան է տվել կնոջ այս առաջարկին, ավելին՝ չի էլ հավատացել, որ նա հղի է:
Տղամարդու նման վերաբերմունքից վիրավորվելով ու նեղսրտելով, մտածելով, թե իր հարազատները կարող են ազդել Մարզպետունու վրա՝ Կարինեն եղբորն ասել է, թե Մարզպետունին բռնաբարել է իրեն:
Կարինեի եղբայրը, քրոջ ամուսինն ու քրոջորդին հանդիպել են Մարզպետունուն, հարցրել, բայց Մարզպետունին պատասխանել է, թե ամեն բան եղել է Կարինեի կամքով, վերջինս ուզում է իր հետ ամուսնանալ, դրա համար է նման ստեր հորինում:
Հարազատները շատ չեն նեղել Մարզպետունուն, ըստ երևույթին՝ առանձնապես վստահ չլինելով Կարինեի ասածի ճշմարտացիության հարցում:
Կարինեն էլ, տեսնելով, որ հարազատների մոտ էլ է խայտառակ լինում, որոշել է վրեժխնդիր լինել ու Մարզպետունու վերաբերյալ հաղորդում տալ ոստիկանությունում:
Նրան նախազգուշացրել են սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, բայց վրեժխնդիր լինելու ցանկությունն ավելի է ուժեղ է եղել ողջամտությունից: Հաղորդումը տրվել է: Բռնաբարության վերաբերյալ գործ է հարուցվել, ու նախաքննություն է կատարվել, որի ընթացքում պարզվել է, որ Կարինեն չի բռնաբարվել: Հղի էլ չի եղել:
Բռնաբարության գործը կարճվել է, բայց նոր գործ է հարուցվել՝ սուտ մատնության վերաբերյալ:
Տուժողի ենթադրական կարգավիճակից Կարինեն անցում է կատարել մեղադրյալի իրական կարգավիճակին:
Նախաքննության ժամանակ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել:
Ընդհանուր իրավասության դատարանում Կարինեն փոխել է դիրքորոշումը և հայտնել, թե Մարզպետունին իր տուն էր եկել հարբած, ցանկություն էր հայտնել սեռական հարաբերություն ունենալու:
Ինքը խնդրել է, որ նա հեռանա, բայց նա ուժ է գործադրել, քաշել իր մազերից, փակել բերանը, բռնությամբ հանել իր շորերը ու սեռական հարաբերություն ունեցել իր հետ:
Հեռանալուց առաջ Մարզպետունին ասել է՝ երբ ցանկանա, նորից կգա, թող չհամարձակվի բողոքել, թե չէ կսպանի:
Ըստ Կարինեի՝ այս սպառնալիքներից հետո ինքը հիվանդացել է, մեկ շաբաթ պառկել անկողնում, չի կարողացել տնից դուրս գալ: Ձեռքերին ու ոտքերին կապտուկներ են եղել, որոնք հետագայում անցել են:
Իր հարազատները փորձել են խոսել Մարզպետունու հետ, նա ամեն բան հերքել է: Իրենք հանդիպել են առերեսման ժամանակ, մեկ էլ հարևանուհու տանը:
Ինքը հարևանուհու տուն էր գնացել, որ տաքանա: Մարզպետունին էլ է այնտեղ եկել, 10 հազար դրամ է տվել հարևանուհուն: Վերջինս էլ այդ փողը տվել է իրեն՝ սեղանին գցելով ու ասելով, թե Մարզպետունին իրենց բակի տղա է, ինքը նրա դեմ թող չբողոքի:
Ըստ Կարինեի՝ այդ պահին ինքը գումարի կարիք ուներ, դրա համար վերցրել է այդ տասը հազար դրամը: Թե իրականում ինչ նպատակով է Մարզպետունին հարևանուհուն տվել փողը, ինքը չգիտի: Ենթադրում է, որ տվել է՝ իրեն փոխանցելու համար, որպեսզի ինքը բողոքը հետ վերցնի:
Բայց ինքը ոչ թե փողի համար է հրաժարվել, այլ՝ Մարզպետունուն խղճալով: Գնացել է ոստիկանություն ու հրաժարվել է:
Ինքը չի հասկացել, որ բողոքից հրաժարվելով՝ պատասխանատվության կենթարկվի ի՛նքը:
Նախաքննության ժամանակ այդ տասը հազար դրամի մասին չի ասել, որովհետև մոռացել էր, իրեն հիշեցրել է մյուս հարևանուհին ու նախատել է, որ ինքը խաբվել ու բողոքը հետ է վերցրել:
Ըստ Կարինեի՝ Մարզպետունին իրեն բռնաբարել է սեպտեմբերի վերջին: Մոտ տասն օր հետո՝ հոկտեմբերի սկզբին ինքը հաղորդում է գրել ոստիկանությունում: Թե ինչպես է եղել, որ բողոքը դեկտեմբերին է մուտքագրվել, չի կարող ասել: Ինքը բողոք մեկ անգամ է գրել ու տվել թաղայինին: Թե ինչու է նշել, որ բռնաբարությունը նոյեմբերին է եղել, չի կարող բացատրել:
Մարզպետունին պնդելով, որ ինքը Կարինեին չի բռնաբարել, մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել նրա կամքով, հայտնել է նաև, որ 10 հազար դրամ է տվել հարևանուհուն, որովհետև պարտք է եղել նրան: Իսկ Կարինեն բողոք գրելուց հետո իրենից 40 հազար դրամ է պահանջել՝ բողոքը հետ վերցնելու համար: Ինքը նրան գումար չի տվել:
Կարինեին առանձնապես չեն պաշտպանել նրա հարազատները, անգամ՝ քույրը, ով հայտնել է, թե նույն քաղաքում ապրելով՝ քրոջ հետ շատ քիչ է շփվում, իսկ Մարզպետունուն ճանաչում է որպես համեստ մարդու, նրան ընդունակ չի համարում բռնաբարության:
Ստացվում է՝ քրոջից ավելի սպասելի է եղել սուտ մատնություն կատարելը, քան Մարզպետունուց՝ քրոջը բռնաբարելը:
Կարինեն մի օր քրոջ տուն է գնացել ու ասել, թե բողոքը «կիսատ է թողել», որովհետև իրականում Մարզպետունին իրեն չի բռնաբարել…
«Բռնաբարել է-չի բռնաբարել» խաղը Կարինեի համար ավարտվել է մեղադրական դատավճռով:
Կարինեն մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և դատապարտվել է 6 ամիս ազատազրկման: Դատարանը պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել 1 տարի փորձաշրջան:
Դատավճիռը դեռ ուժի մեջ չմտած՝ Կարինեն դիմել է դատարան՝ իր նկատմամբ համաներում կիրառելու, սահմանված փորձաշրջանը վերացնելու և նշանակված պատժի կրումից ազատելու խնդրանքով:
Դատարանը բավարարել է ամբաստանյալի խնդրանքը, համաներման կիրառմամբ վերացրել է փորձաշրջանը և Կարինեին ազատել է պատժի կրումից:
Աղբյուր՝ www.1in.am