Բանակն անվանարկող գրքեր չպետք է հրատարակվեն: Այս մասին Երեւան-Լոնդոն հեռուստակամուրջի ընթացքում հոկտեմբերի 16-ին հայտարարել է Ռազմական ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մնացականյանը՝ մեկնաբանելով Հովհաննես Իշխանյանի «Զորացրման օրը» գիրքը:
«Amnesty International»-ի Հարավային Կովկասի մասին զեկույցը ներկայացնելով (2013թ. օգոստոս), տարածաշրջանում կազմակերպության ուսումնասիրող Թուրալ Ահմեդզադեն հայտարարել էր, որ հեղինակները որպես խնդիր մատնանշել են հայկական բանակին ուղղված քննադատության հանդեպ իշխանությունների վերաբերմունքը:
Մասնավորապես, իր գրքի հրատարակումից հետո Իշխանյանը Ռազմական ոստիկանությունում հարցաքննության էր կանչվել:
Մնացականյանի խոսքով՝ թեեւ գրքի պերսոնաժները հորինված են եւ կոնկրետ անձանց մասին զրպարտություն չկա, սակայն հեղինակը զրպարտում է ամբողջ բանակին: «Այդ ամենը սուտ է: Տղամարդը տղամարդուն չի կարող բռնաբարել: Նման բան պարզապես չի կարող պատահել», – վստահ է պաշտոնյան:
Ըստ նրա՝ բանակում արատավոր վարքուբարքի մասին պատմող գրքերը վնասակար են հայ հանրության համար, «քանի որ բանակը ազգի պաշտպանն է եւ պետության կարեւորագույն կառույցներից մեկը»: Այն հարցին, թե ինչն է լավ՝ լուծել խնդիրները, թե ձեւացնել, որ դրանք գոյություն չունեն, Մնացականյանը չի պատասխանել: Դրա փոխարեն նա ասել է. «Ի՞նչ կզգա 14-ամյա տղան՝ կարդալով այդ գիրքը: Ի՞նչ կմտածի բանակի մասին»:
Իսկ ի պատասխան այն հարցին, թե օրինական էր արդյոք Իշխանյանին հարցաքննելը, եթե Հայաստանում պաշտոնապես գրաքննություն չկա, Մնացականյանն ասել է, որ հեղինակին կանչել էին ոչ թե որեւէ կոնկրետ մեղադրանքով կամ կասկածանքով, այլ միայն խնդրել էին պատմել, թե իրեն հայտնի են արդյոք իր գրքում նկարագրած դեպքերի նման իրական դեպքեր: «Նրան ոչ մի մեղադրանք չի ներկայացվել», – վստահեցրել է զինվորականը:
Քննարկման ընթացքում իրավիճակը մի փոքր սրվել է այն կապակցությամբ, որ զեկույցը ներկայացնող Թուրալ Ահմեդզադեն ազգությամբ ադրբեջանցի էր: Երեւանում հավաքվածներից ոմանք կասկածում են հայկական բանակին վերաբերող զեկույցը ներկայացնելիս նրա անկողմնակալությանը: Սակայն այդ թեմայի քննարկումը չի ձգձգվել եւ վեճի չի վերածվել:
http://news.am/arm/news/176299.html
