Ռուսաստանի երեխաների իրավունքների պաշտպան Պավել Աստախովը, որը դեմ է դպրոցներում սեռական կրթությանը, ասել է, որ երիտասարդները կարող են սովորել այն ամենը, ինչ հարկավոր է սիրո և սեքսի մասին իմանալու համար, ռուս գրականությունից, գրում է բրիտանական Guardian-ը:

«Ես դեմ եմ ցանկացած տեսակի սեռական կրթությանը»,- ասել է Աստախովը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ: «Անընդունելի է թույլ տալ բաներ, որոնք կարող են փչացնել երեխաներին»,- հավելել է նա:

Չնայած այն փաստին, որ Ռուսաստանում ՄԻԱՎ-ի աշխարհում ամենաարագ աճող ցուցանիշներն են, ռուսական դպրոցներում չկա սեռական կրթություն՝ շնորհիվ Ռուսաստանի եկեղեցու ազդեցության և պահպանողական հասարակական ուժերի:

Ռուսաստանում ազդեցիկ պաշտոնյան ցանկանում է, որ օրենսդրություն մշակվի, որով կբացառվի սեռական կրթությունը դասացանկ մտնելու ցանկացած հնարավորություն: Սեռական կրթության փոխարեն նա առաջարկում է դասականներին կարդալ՝ ասելով, որ դպրոցները պետք է երեխաներին դաստիարակեն ընտանեկան արժեքների գիտակցումով: Նա նաև առաջարկել է, որ կարող է օգտակար լինել «էթիկայի և ընտանեկան կյանքի հոգեբանության» մասին խորհրդային շրջանի առարկաների ներմուծումը դասացանկ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ռուսների 90 տոկոսը սեռական կյանքի փորձառություն է ունենում մինչև 17 տարեկանը: Ռուսաստանում կա ՄԻԱՎ-ով վարակված 1 միլիոնից ավելի մարդ:


http://www.tert.am/am/news/2013/09/20/russian-literature-sex/