Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում օրերս ավարտվել է իր անչափահաս կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու և նրան հղիացնելու համար մեղադրվող Արթուր Պետրոսյանի գործով դատավարությունը: Դատավոր Ռուզան Բարսեղյանի վճռով 25-ամյա երիտասարդի նկատմամբ նշանակվել է պատիժ` տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100.000 դրամի չափով:

Panorama.amանդրադարձել էր այս գործին և տեղեկացրել, որ Արթուր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի օգոստոսի 1-ին ամուսնանալով Երևան քաղաքի բնակչուհի, անչափահաս Արաքսի Ստեփանյանի հետ, փոխադարձ համաձայնությամբ 2012թ. օգոստոսի 7-ին Մուղնի թաղամասում գտնվող իր տանը սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ: Արդյունքում, ըստ քրեական գործի նյութերի, աղջիկը հղիացել է և ավելին, 2013-ի ապրիլի 25-ին ծննդաբերել ու դուստր է ունեցել:

Պետրոսյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 141 հոդվածի հատկանիշներով` «սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ»:

Դատաքննությամբ պարզվել է, որ 25-ամյա Արթուրը 2011 թվականի գարնանը Երևանում հանդիպել է երևանցի անչափահաս` այն ժամանակ 13-ամյա Արաքսի Ստեփանյանի հետ, համակրել են միմյանց և ընկերություն արել շուրջ մեկ տարի: 2012 թվականի հուլիսին, երիտասարդ սիրահարների ու նրանց ծնողների փոխադարձ համաձայնությամբ զույգերը նշանադրվում են ու առանց հարսանեկան արարողության փաստացի ամուսնանում: Ամուսնությունից մեկ օր անց` օգոստոսի 7-ին, ըստ նյութերի, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում գտնվող իրենց տանը Արթուր Պետրոսյանը սեռական հարաբերություն է ունենում անչափահաս կնոջ հետ, ինչի արդյունքում էլ Արաքսին հղիացել է և 2013թ. ապրիլի 25-ին ծննդաբերել, դուստր է ունեցել:

Ահա այդ պատճառով էլ Արթուրի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, և նա ընդունել է իր մեղքը ու դատարանում ասել, որ Արաքսիի հետ ընկերություն անելու ժամանակ է իմացել, որ աղջիկը անչափահաս է` 13 տարեկան: Այնուհետև իրենք աղջկա ծնողների թույլտվությամբ շուրջ մեկ տարի ընկերություն են արել: Աղջկա ծնողները չեն ընդդիմացել նաև ամուսնությանը:

Դատարանը վերլուծելով ապացույցները հանգել է եզրակացության, որ Արթուր Պետրոսյանի արարքը նախաքննական մարմինը ճիշտ է գնահատել և նրան պետք է քրեական պատասխանատվության ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված արարքի` «տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը` ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ» հանցանք գործելու համար:

Որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև անձը բնութագրող հանգամանք դատարանը համարել է այն, որ ամբաստանյալը նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, խնամքին է գտնվում անչափահաս տուժողը (կինը-հեղ.) և երեխան, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, տուժողը խնդրել է նրա նկատմամբ նշանակել մեղմ պատիժ:


http://www.panorama.am/am/law/2013/09/20/court-teenagers/