«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Երբ լուրջ քաղաքական ուժերն զբաղված են աչքակապությամբ, խաղերով, իրենց ունեցած ռեսուրսը վաճառքի դնելով, քաղաքական դաշտ են դուրս գալիս իրական մարմնավաճառներն ու խեղկատակները, անմիտներն ու պարապները: Երեկ, հետաքրքիր զուգադիպությամբ, հանդես էին գալիս և հին, և նոր ուժերի քաղաքական լիդերները: Դժվար է ասել, թե մեր հասարակությունն այլևս ինչ սպասելիքներ ունի Րաֆֆի Հովհաննիսյանից կամ Հայ հեղափոխական դաշնակցությունից: Նրանց իրական կշռի մասին է վկայում ոչ միայն հրապարակային միջոցառումների ժամանակ հավաքվող զանգվածի, այլև ասուլիսներին ժամանող լրագրողների քանակը:

Թեև պետք է հաշվի առնել նաև այն, որ, ի վերջո, լրատվամիջոցները պետք է աշխատեն, և երբ դաշտում իրական ուժեր չկան, ստիպված են լինում լուսաբանել նաև նրանց ասուլիսները, ում նկատմամբ հասարակական հետաքրքրությունը նվազել է, ովքեր թատերականացված ներկայացումներ են բեմադրում և գործունեության իմիտացիա անում: Եվ այս ֆոնին դաշտում հայտնվում է նոր քաղաքական ուժ՝ «Նոր քաղաքական մշակույթ» հավակնոտ անունով, որի լիդերը՝ 33- ամյա Անի Զախարյանը, որը մի քանի օր առաջ «Հրապարակ»-ին էր հարցազրույց տվել, երեկ էլ «Առավոտ»-ի հետ զրույցում կոչ է արել հայ աղջիկներին 26 տարեկանում հրաժեշտ տալ կուսությանը: Այո, այո, քաղաքական ուժի լիդերը որոշել է սեքսուալ հեղափոխություն անել երկրում, այդ ճանապարհով հասնել հաջողության: Եվ եթե հաշվի առնենք, որ իրական հեղափոխության կոչերը երկրում չեն իրականանում, իսկ նման կոչեր անողները հաջողության չեն հասնում, գուցե հաջողության ճշմարիտ ուղին հենց այս աղջիկն է գտել: Գուցե նա արդեն իր կուսակցության պլատֆորմն է մշակում՝ հույսը դնելով իր օգնությամբ կուսությունից զրկված կանանց քվեների վրա»:

 


http://www.slaq.am/arm/news/153186/