Երևանի պետական բժշկական քոլեջի ուսանողուհի 20-ամյա Մարիամ Գ.-ի համար իրեն բռնաբարելու մասին ոստիկանությանը հաղորդում տալը ծանր փաստի առաջ է կանգնեցրել նրան. Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի կայացրած վճռով Մարիամը դատապարտվել է ազատազրկման սուտ մատնության մեղադրանքով:

2012-ի նոյեմբերի սկզբին ծանոթանում է Համազասպ Պ.-ի հետ, նրանք սկսում են ընկերություն անել և նոյեմբերի 27-ին, իր ծննդյան օրը, որոշում են զբոսնել Խանջյան փողոցում, այնուհետև զբոսանքը Համազասպի հրավերով ավարտվում է «XXX» կարաոկե ակումբում: Այստեղ զույգը պատվիրում է առանձնասենյակ և նրանց միջև փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է տեղի ունենում, ինչի հետևանքով աղջկա մոտ արնահոսություն է սկսվել։

Որոշ ժամանակ ակումբում մնալուց հետո Մարիամը վերադարձել է տուն, սակայն այստեղ արնահոսությունը վերսկսվել է: Աղջիկը ծնողներից թաքցնելով փոխադարձ համաձայնությամբ Համազասպի հետ ունեցած սեռական հարաբերության հանգամանքը իր մայրիկին ասել է, որ իրեն բռնաբարել են ու մոր հետ միասին ոստիկանության կենտրոնականի բաժնում նոյեմբերի 29-ին հաղորդում տվել այդ մասին: Ավելին, նա իրավիճակը ոստիկաններին ավելի գունագեղ է ներկայացրել` նշելով, որ Համազասպի հետ սեռական հարաբերություն է ունեցել դանակի սպառնալիքի ներքո: Այնուհետև զգալով իր արարքի հետևանքները, բոլորին հայտնել ճշմարտությունը ու տեղափոխվել Համազասպի բնակարան, որոշ ժամանակով ապրել նրա հետ, սակայն վիճաբանությունից հետո նրանց միջև այլևս հարաբերություններ չկա։

ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով» քրեական գործը Մարիամի նկատմամբ հարուցվել է այս տարվա մարտին: Մարիամը պատմել է դատարանում իր հետ կատարվածը և ճանաչել իր մեղքը:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է մեկ տարի ազատազրկման դատապարտել Մարիամ Գ.-ին: Սակայն հաշվի առնելով այն, որ Մարիամի անձը դրականորեն բնութագրող տվյալները, նախկինում դատապարտված և արատավորված չլինելու հանգամանքը, երիտասարդ տարիքը, սեռը, ուսանող լինելը, ինչպես նաև անկեղծորեն զղջալն ու առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, դատարանը վճռել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան` 1 տարի ժամկետով:


panorama.am