Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 34-ամյա Արմեն Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնական բնույթի հարցի շուրջ վիճաբանել է իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Լիլիթ Բ-ի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Բացի այդ, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, ընտանեկան անախորժությունների պատճառով քաղաքացի Լեռնիկ Բ-ին եւ նրա ընտանիքի անդամներին գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նա 6 լիտր բենզին է լցրել Լ. Բաղդասարյանի առանձնատան սենյակներում եւ վառել` պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է` կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ 118 հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը դատարան է ստացվել հուլիսի 17-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: