Հայտնի է դարձել, որ Կոմսոմոլսկից ոմն հեղինակություն է Մոսկվա մեկնել, որտեղ նրան «օրենքով գողերը» թագադրել են: Ոստիկանությունում, սակայն, այս իրավիճակը չեն մեկնաբանել: Չնայած՝ առանց կրակ ծուխ չի լինում:

Նախորդ շաբաթ ՆԳՆ գլխավոր բաժնի աշխատակիցները Խաբարովսկում ձերբակալել են «օրենքով գող» Վլադիմիր Սիտովին, իսկ Ամուրի Կոմսոմոլսկում՝ նրա օգնական Եվգենի Ստեպանչենկոյին: Նրանք մեղադրվում են դրամաշորթության մեջ:

Ոստիկանության նույն բաժնի տեղեկությամբ՝ Խաբարովսկում առևանգվել է Սիտովի կնոջ ավտոմեքենան: Սակայն հազիվ էր տուժածը հասցրել ոստիկանությանը հայտնել առևանգման մասին, ավտոմեքենան վերադարձրել են: Սիտովներն, իհարկե, չէին կարող կուլ տալ այս վիրավորանքը, հետևաբար առևանգողները պետք է պատասխան տային ոչ միայն օրենքի, այլև Սիտովների առջև՝ փոխհատուցելով բարոյական վնասը:

Սակայն այս պատմության ամենահետաքրքիր հատվածը դեռ առջևում է: Բանն այն է, որ իրավապահ մարմինները Սիտովին անվանել են «կարևոր դեմք՝ Հեռավոր Արևելքի հանցավոր աշխարհում», ով հայտնի է «Սիտ» մականվամբ:

Ոստիկանությունն ուսումնասիրում է վերոնշյալ մարդկանց դերը հանցավոր աշխարհում: Պարզվել է, որ Սիտովը կապ ունի 8 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի հետ, երբ Ամուրի Կոմսոմոլսկում ձերբակալվել էին «համայնքի» միանգամից 5 ղեկավարներ:

Փաստորեն, այն ժամանակ ամբողջ հանցախմբին չեն ձերբակալել, և որոշ ղեկավարներ դուրս են մնացել իրավապահների, այսպես ասած, ուշադրության կենտրոնից: Ո՞վ է այս դեպքում Վլադիմիր Սիտովը, որի հարազատը՝ Ալեքսանդր Սիտովը, ձերբակալվել է հանցախմբի մյուս անդամների հետ:

Հիշեցնենք, որ Հեռավոր Արևելքում առաջին «նայողը» Եվգենի Վասինն է եղել՝ Ջեմ մականունով: 2000-ի փետրվարին, սակայն, նա ձերբակալվեց և կասկածելի հանագմանքներում մահացավ հենց բանտում:

Դրանից 3 տարի անց՝ 2003թ.-ին նույնպիսի կասկածելի հանգամանքներում մահացավ նաև Վասինի սանիկը՝ 30-ամյա Սերգեյ Լեպեշկինը՝ Լեպյոխան:

Այստեղ արդեն առաջ եկավ «համայնքը» ղեկավարելու հարցը: Առաջին թեկնածուն Վասինի «տեղակալներից» 40-ամյա Էդուարդ Սախնովն էր (Սախնո): Երկրորդ թեկնածուն Օլեգ Սեմակինն էր (Եվա): Վերջինս իր ողջ կյանքի ընթացքում Ջեմի հետ գրեթե կիսում էր «համայնքի ղեկավարությունը»: Բացի այդ, նա իր կարիերայի սկզբից ի վեր Վասինի հետ էր աշխատել: Ուստի, նրա «վաստակը համայնքի զարգացման գործում» ավելի մեծ էր:

2005-ին, սակայն, հեռավորարևելյան ոստիկանությունը Կոմսոմոլսկում մի շարք ձերբակալություններ իրականացրեց, որոնց մեջ էին համայնքի 5 «ղեկավարները»՝ ներառյալ Էդուարդ Սախնովը, Օլեգ Սեմակինը և Օլեգ Շոխիրևը, ովքեր հայտնի էին որպես թագադրված «օրենքով գողեր»:

Ոստիկանները մամլո ասուլիսների ժամանակ հայտարարում էին, որ հեռավորարևելյան «համայնքը» «գլխատված է»: Ախր կատակ բան չէ՝ ձերբակալվել են դրա 217 ակտիվ մասնակիցներ:

Հետո ի հայտ եկավ Յուրի Մասլեննիկովի՝ Կրաբի կերպարը, ով իբր թե Ջեմի մահվանից առաջ նրա հետ մեկուսարանում է եղել, որն էլ, այսպես ասած, հավանության է արժանացրել նրա՝ հանցագործ աշխարհի «գահին նստելը»:

Մասլեննիկովին, ով, ըստ էության, «օրենքով գող» չէր, հանցագործ «ախպերությունը» այդպես էլ չընդունեց՝ մեղադրելով «համայնքային դրամարկղի» կորստի մեջ: Կրաբն ուղղակի խաղաքարտ դարձավ: Նա վկայություն տվեց իր հանցակիցների դեմ, որի արդյունքում «համայնքի» գրեթե ամբողջ վերնախավը ճաղերի հետևում հայտնվեց: Նույնիսկ «գահի հավակնորդ չկար»՝ մինչև վերջերս:

Այժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Սիտը կղեկավարի «համայնքը», թե՞ ընդհատակից դուրս կգան 8 տարի առաջ ձերբակալությունից խուսափած հանցագործ աշխարհի պարագլուխներ: Եվ, քանի անգամ Պուտինին հնարավոր կլինի զեկուցել «համայնքի» չեզոքացման մասին:

Այս մասին հաղորդում է MK.ru-ն:
1in.am