Անահիտ Սարդարյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2012 թվականի սեպտեմբերի կեսերին սեռական շահագործման նպատակով անչափահաս՝ 1995 թվականի փետրվարի 2-ին ծնված Ս.-ին հանձնել է Վաչագան Մարտիրոսյանին, այդ «ընծայի» դիմաց նրանից պահանջել ու ստացել է 20 հազար դրամ:

Վաչագանը, մատչելի գնով Անահիտից ձեռք բերելով Լոռու մարզի գյուղերից մեկի բնակչուհուն՝ նախ նրան տարել է Վանաձորում ապրող իր պապիկի տուն, ապա տեղափոխել Լոռու մարզի Գուգարք գյուղի Էներգետիկների փողոցի տնակներից մեկը, որտեղ սեռական հարաբերություններ է ունեցել իր «ձեռքբերման» հետ:

Ըստ մեղադրանքի՝ այսպիսով, անչափահաս՝ 18-ը չբոլորած աղջիկը Անահիտ Սարդարյանի կողմից ենթարկվել է սեռական շահագործման:

Վաչագանը հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել, թե քանի տարեկան է Անահիտի տրամադրած աղջիկը: Ինքը մարմնական վայելքների համար կին է ուզել, դիմել է Անահիտին, նա էլ առաջարկել է մեկին, ով կամովին, առանց իր տարիքի մասին ակնարկելու երեք օր անցկացրել է իր հետ:

Անչափահասին սեռական շահագործման հանձնած Անահիտ Սարդարյանը կալանքի տակ է առնվել 2012 թվականի հոկտեմբերի 30-ին: Հնարավոր է՝ Անահիտն իր վերցրած 20 հազար դրամից աղջկան մաս չի տվել կամ քիչ է տվել… Նա էլ դժգոհ է մնացել… Անահիտից:

Սարդարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 1-ին մասով: Գործն ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 2013 թվականի ապրիլի 18-ին:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անահիտ Սարդարյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, միջնորդել, որ իր գործը քննվի արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը 35-36 շաբաթական հղիություն ունի:

Հաշվի են առնվել նաև կատարված արարքի բնույթն ու հասարակական մեծ վտանգավորությունը, հանցագործության տարածվածությունը և այլ հանգամանքներ:

Անահիտի կատարածը դասվում է ծանր հանցագործությունների շարքը:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013 թվականի մայիսի 18-ի դատավճռով 21-ամյա վանաձորցի Անահիտ Սարդարյանին դատապարտել է 7 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի հոկտեմբերի 30-ից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Անահիտ Սարդարյանի շահերի պաշտպանը՝ միջնորդելով իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ՝ 3 տարի 6 ամիս ազատազրկում սահմանել, ապա պայմանական դատապարտության կիրառմամբ փորձաշրջան նշանակել:

Անահիտ Սարդարյանը վերաքննիչ քրեական դատարան էր ներկայացել նորածին երեխայի հետ: 15 օր առաջ էր ծննդաբերել: Աղջիկ ունի, անունն էլ դրել է Գոհար: Եվ միգուցե հիմա, երբ ինքն է դարձել աղջկա մայր, իր կատարածին մայրական աչքերով նայի, մայրական սրտով մերժի նման ապրելակերպը…

Դատարանի հարցին ի պատասխան՝ Անահիտն ասաց, թե ամուսնացած չէ, իսկ երեխայի հայրը ներկայումս կալանավայրում է:
Պատիժ է կրում… գողության համար:

Անահիտը դատարանին ներկայացրեց երեխայի ծննդյան վկայականը, խնդրեց հաշվի առնել իր վիճակը, մեղմ վարվել: Տուժող Ս.-ն վերաքննիչ դատարան չէր եկել:

Դատարանը մտավ խորհրդակցական սենյակ, ապա դուրս գալով՝ հայտարարեց, որ վճռաբեկության կարգից անցնում է վերաքննության կարգի: Դատարան էր ներկայացվել նոր փաստաթուղթ, որը դատարանը հետազոտել էր, կցել գործին: Ամբաստանյալի կենսագրության մեջ փոփոխություն էր տեղի ունեցել…

Վերաքննության կարգը ենթադրում է նաև դատական վիճաբանությունների ունկնդրում:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 27-ին:
1in.am