Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 2004 թվականի ամռանը «ՀԷՑ»-ում որպես էլեկտրամոնտյոր աշխատող 63-ամյա Հրայր Մխեյանը հերթական հերթապահության ժամանակ իր աշխատավայր է կանչել 14-ամյա պատանի՝ 1990 թվականի մայիսի 30-ին ծնված Ի.-ին ու նրա նկատմամբ կատարել սեքսուալ գործողություն, ըստ մեղադրանքի՝ «հագուրդ է տվել իր սեռական կրքին»:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Մխեյանը Արաբկիր վարչական շրջանի շոգեբաղնիքներից մեկում նմանատիպ արարքներ է կատարել նաև տարիներ անց՝ 2011 թվականի ապրիլի 13-ին՝ Տ.-ի, իսկ մայիսի 30-ին՝ վերը արդեն հիշատակված նախկին պատանի Ի.-ի նկատմամբ:
Տուժող Ի.-ն գործի քննության ժամանակ ներկայացրել է, որ Մխեյանին ճանաչում է որպես իրենց շենքի բնակչի: Նրա կնոջ հետ ինքը 2001 թվականից անգլերեն է պարապել: 2004 թվականի ամռանը Հրայրը հաճախակի իրեն հրավիրել է աշխատավայր՝ էլեկտրակայան: Այնտեղ պատմել է, թե ինքը ենթարկվել է ավտովթարի, որից հետո ուղեղի բջիջները սկսել են մահանալ, ու իր բուժման միակ միջոցը երիտասարդ տղայի սերմնահեղուկն է: Հրայրը խնդրել է, որ ինքն օգնի նրան՝ բուժելու հիվանդությունը, սակայն երբ ասել է, թե ինչ պիտի անի, ինքը հրաժարվել է:
Հերթական անգամ Հրայրի աշխատավայրում գտնված ժամանակ նա առաջարկել է օղի խմել: Երկուսով՝ այն ժամանակ ինքը 14 տարեկան էր, խմել են 2 շիշ օղի: Իր գլուխը պտտվել է, Հրայրն իրեն պառկեցրել է աշխատավայրի թախտին: Նա ասել է, թե դրսում մութ է, շներ կան, լավ կլինի, եթե ինքը մնա: Ինքը զանգահարել է տուն, զգուշացրել, թե արդեն ուշ է, մութ, ինքը վախենում է շներից, դրա համար մնում է Հրայրի աշխատավայրում: Քնել է հենց նույն թախտին:
Երբ արթնացել է, տեսել է, որ տաբատն իջեցված է: Հարցրել է Հրայրին, նա չի պատասխանել, միայն խնդրել է, որ ինքը շուտ տուն գնա, որովհետև պետք է գա հերթափոխի աշխատակիցը, եթե իրեն տեսնի, խնդիրներ կառաջանան:
Ըստ Ի.-ի՝ ինքը քնած է եղել, չի տեսել ու չի զգացել, որ Հրայրը սեքսուալ գործողություն է կատարել, դրա մասին պատկերացում էլ չի ունեցել, բայց հետո հիշել է իջեցված տաբատը ու ամեն բան հասկացել է:
Հետագայում Հրայրն իրեն տեսել է շենքի բակում, հարցրել՝ ամեն բան կարգի՞ն է: Ինքն էլ ասել է՝ հա: Հրայրը խնդրել է, որ ինքը նրա հիվանդության մասին ոչ ոքի չասի:
Քանի որ կատարվածը չէր հասկացել, ինքը շարունակել է շփվել Հրայրի հետ:
2011 թվականի մայիսի 30-ին իր ծննդյան տարեդարձը նշել է իրենց տանը՝ Հրայրի ու ընկերների հետ: Օգտագործել է ալկոհոլային խմիչքներ: Երբ ընկերները ցրվել են, Հրայրն իրեն հրավիրել է «Լամբադա» կամրջի մոտ գտնվող սաունան:
Ճանապարհին մտել են խանութ, Հրայրն օղի է գնել, գնացել են սաունա, որտեղ օղի ու գարեջուր են խմել: Ինքը թուլացել է, շոգեբաղնիքի սենյակներից մեկում քնել: Հանկարծ զգացել է, որ գրգռվել է: Արթնացել է: Տեսել է, որ Հրայրը սեքսուալ գործողություն է կատարում: Նրան մի կողմ է հրել ու հեռացել: Դրանից հետո գրեթե չի շփվել Հրայր Մխեյանի հետ:
Տուժող Տ.-ն պատմել է, որ աշխատել է Հրայրի շենքի մոտ գտնվող ավտոլվացման կետում՝ որպես ավտոլվացող: Հրայրը հաճախ է մոտեցել իրեն:
2011 թվականի ապրիլի 13-ին՝ իր ծննդյան օրը, Հրայրն իրեն հրավիրել է «Ռայկոմ» թաղամասում գտնվող սաունա: Քանի որ ինքը մինչ այդ երբեք սաունայում չէր եղել, համաձայնել է:
Հրայրի հետ երթուղային տաքսիով գնացել են սաունա, ճանապարհին խանութից Հրայրը գնել է 4 շիշ օղի և 4 շիշ գարեջուր:
Սաունայում խմել են: Ինքը վատ է զգացել: Հրայրը խորհուրդ է տվել մտնել սաունա՝ ասելով, թե այդպես ավելի լավ կլինի: Ինքը լսել է նրան, մտել սաունա ու քնել է: Զգացել է, որ գրգռվում է: Արթնացել ու տեսել է, որ Հրայրը սեքսուալ գործողություն է կատարում: Նրան մի կողմ է հրել ու հեռացել: Ինքը կատարվածի մասին պատմել է ընկերներին՝ Ի.-ին ու Գ.-ին:
Մոտ վեց ամիս անց Հրայրը եկել է ավտոլվացման կետ ու խնդրել, որ սաունայում կատարվածը կրկնեն, պատմել է իր հիվանդության ու դրա միակ բուժման մասին: Ինքը մերժել է ու նրա հետ այլևս չի շփվել: Իմացել է, որ Հրայրն իր տուն է կանչել շենքի երկու փոքր տղաների, ցանկացել է համբուրել նրանցից մեկի փորը, բայց երեխաները փախել են:
Ցուցմունքներ են տվել նաև այդ երեխաները:
Ըստ Մ.-ի՝ ինքը լսել է, որ իրենց շենքի Հրայրը շատ բջջային հեռախոսներ ունի: 2012 թվականի ամռանը նրան հարցրել է՝ իրեն ու ընկերոջը էժան հեռախոս կվաճառի՞:
Հրայրը հրավիրել է իր տուն և ասել՝ եթե գաք, հեռախոսները կնվիրեմ:
Հաջորդ օրը ինքն ու ընկերը գնացել են Հրայրի տուն: Նա մենակ էր: Մ.-ին է նվիրել «Նոկիա» հեռախոս, ապա խոհանոցից բերել է սուրճ ու հյութ և ասել, թե հյութին օղի է խառնել ու կոկտեյլ է հյուրասիրում:
Երբ Հրայրը գնացել է հարևան սենյակ, տղաներն իրենց «կոկտեյլները» թափել են:
Այնուհետև Հրայրն ասել է, թե կարողանում է երեխաների փորից էներգիա քաշել: Առաջարկել է ցուցադրել դա:
Ըստ Մ.-ի՝ Հրայրը ձեռք երկարացրել է դեպի իրեն ու ցանկացել է բարձրացնել իր վերնաշապիկն ու համբուրել իր փորը: Ինքն ու ընկերը հասկացել են, որ վատ բան է կատարվում, վերցրել են հեռախոսներն ու փախել են: Կատարվածի մասին պատմել են իրենց ծնողներին:
Մյուս տղան՝ Հ.-ն, նույն բանն է պատմել:
Փաստորեն, Հրայրի արարքները բացահայտվել են այս երեխաների հետ տեղի ունեցած դեպքից հետո:
Շենքի բնակիչները խոսել են Հրայրի որդիների հետ, զգուշացրել, որ նրանց հորը բուժում է հարկավոր: Հարևանների նախազգուշացումներից ու խոսակցությունների տարածումից հետո Մխեյանների ընտանիքը այդ շենքից տեղափոխվել է:
Ամբաստանյալ Հրայր Մխեյանը երկու դրվագով առաջադրված մեղադրանքներն էլ չի ընդունել: Նա դատարանում ներկայացրել է, որ ոչ մի հանցանք չի կատարել:
Ինքը Ի.-ին բացատրել է, որ մարդու ուղեղում բջիջները մահանում են, նրանց տեղը ծնվում են նոր բջիջներ: Եթե նոր բջիջներ չեն ծնվում, մարդը ծերանում է:
Ըստ Մխեյանի՝ 2004 թվականին ինքը Ի.-ին չի ճանաչել: 2009-2011 թվականներին Ի.-ն իր հերթապահության օրերին այցելել է իր աշխատանքի վայրը, դրա համար էլ կարողացել է նկարագրել այն: Մենակ չի այցելել, միշտ ընկերների հետ է եղել: Մենակ չէր գալիս, որովհետև շատ վախկոտ էր, վախենում էր նույնիսկ շներից ու մեղուներից:
Ինքը նրա հետ խոսել է տարբեր թեմաներից, որպես տարիքով մարդ՝ տղաներին խորհուրդներ է տվել:
Ինքը սիրել է հեռակապի միջոցներ ունենալ, հաճախ գնել է նոր հեռախոսներ, իսկ հները նվիրել է շենքի երեխաներին:
Ի.-ի հետ սաունա չի գնացել: Եղել է նրանց տանը, ծննդյան օրվա առթիվ Ի.-ին նվիրել «Դոռադո» բջջային հեռախոս: Նրանց տանը ինքը երկար է մնացել, ուշ է դուրս եկել:
Տ.-ի հետ գնացել է սաունա, դա եղել է ընդամենը մեկ ժամով, այդ ընթացքում հնարավոր չէր, որ իրենց միջև ինչ-որ միջադեպ առաջանար: Սաունայից միասին տաքսիով տուն են գնացել:
Շենքի երկու երեխաներին հրավիրել է իր տուն, նվիրել հեռախոսներ, հյուրասիրել միրգ ու հյութ, բայց ոչ՝ ալկոհոլ: Չի փորձել համբուրել երեխայի փորը: Նրանց պատմածը հեքիաթ է, չի համապատասխանում իրականությանը:
Իր կարծիքով՝ նրանք ուղարկվել են շենքի «լավ տղաների» կողմից:
Վերջիններս մի օր, շատ ուշ ժամի եկել են իրենց տուն, իրեն դուրս են կանչել ու ասել, թե ինքը արվամոլ է, իր կատարած քայլերի պատճառով մարդկանց մեջ իրավունք չունի ազատ ապրելու: Իր մասին վարկաբեկիչ տեղեկություններ են հաղորդել ոստիկանությանը:
Ինքը մինչև անգամ փորձել է սրիչով կտրել ձեռքի երակները՝ ինքնասպանություն գործել, բայց ինչ-որ բան իրեն հետ է պահել:
Իր տղաները խոսել են իր հետ, ինքը ժխտել է, բայց որոշել են հեռանալ այդ շենքից, տղայի վարձած տանն ապրել՝ մինչև խոսակցությունները հանդարտվեն:
Խոստովանական ցուցմունքներ նախաքննության ժամանակ գրել է բռնության ու սպառնալիքի ազդեցության տակ: Իսկ որպես կասկածյալ՝ ցուցմունք է տվել սթրեսային վիճակում, առանց պաշտպանի մասնակցության:
Դատարանը գործով հաստատված չի համարել, որ Հրայր Մխեյանը նախաքննության ընթացքում խոստովանական ցուցմունքները տվել է բռնությունների ազդեցության տակ, դրանց վերաբերյալ որևէ ապացույց ձեռք չի բերվել:
Այս կարգի հանցագործին վաղ հայտնաբերելը շատ կարևոր է, քանի որ հանրային մեծ վտանգավորություն ունեցող արարքները կարող էին կատարվել նաև անչափահաս տղաների նկատմամբ: Հեռախոս նվիրելով, ալկոհոլ խմեցնելով, կեղծ բժշկական զրույցներով ու «հրաշքների» ցուցադրությամբ՝ հայտնի չէ, թե հանցավորը քանի երեխայի ճակատագրի հետ կարող էր խաղալ:
Իր որդիների անհանգստությանը, թե ինչու է հաճախակի շփվում անչափահաս տղաների հետ, Հրայրը պատասխանել է, թե իրեն հետաքրքիր է երեխաների հետ շփվելը:
Այս գործին մանրամասնորեն անդրադառնալու նպատակը նաև անչափահաս երեխաների ծնողների զգոնությունը բարձրացնելն է. հետևեք, թե ում հետ են շփվում ձեր երեխաները, որոշ «բարեգութ, նվերներ շռայլող» քեռիներ կարող են բոլորովին այլ նպատակներ ունենալ:
Ընդհանուր իրավասության դատարանը քրեական գործի երկու դրվագով էլ մեղավոր է ճանաչել Հրայր Մխեյանին:
2011 թվականի ապրիլի 13-ի դրվագով նրան դատապարտել է 3 տարի ազատազրկման, օրենքի պահանջի համաձայն՝ կիրառել Ազգային ժողովի՝ 2011 թվականի մայիսի 26-ի որոշումը՝ համաներում հայտարարելու մասին, և Մխեյանին ազատել է այդ պատժի կրումից:
Դատարանը 2011թվականի մայիսի 30-ի դրվագով ևս ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչել Հրայր Մխեյանին ու դատապարտել 3 տարի ազատազրկման: Այս դրվագը համաներում հայտարարելուց չորս օր անց էր կատարվել…
Հրայր Մխեյանի եռամյա պատժի սկիզբը, ըստ դատավճռի, 2012 թվականի հոկտեմբերի 15-ից է:
1in.am
