Համոն առաջին անգամ գողության համար էր դատվել: Նա դատապարտվել է 2 տարի ազատազրկման, 2011 թվականին վերաքննիչ քրեական դատարանը նրա նկատմամբ համաներում է կիրառել և ազատել պատժի կրումից:

2013 թվականին 20-ամյա Համոն, որ համարվում էր արդեն դատվածություն չունեցող, բնակվում է Վերելքի փողոցում, կարող էր կյանքում էլ միայն վերելքներ ունենալ, եթե նոր հանցավոր արարք չգործեր ու վերստին չկանգներ դատարանի առաջ:

Նոր հանցանքի միտքը Համոյի գլխում ծնվել էր «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցով շփումների ընթացքում:

Դատական ակտի համաձայն՝ 2012 թվականի դեկտեմբերի 16-ին Համո Օհանյանն ուրիշի անվամբ էջ է բացել, տեղադրել իր ծանոթ տղայի՝ Գ. Ա.-ի լուսանկարը և հրապարակել նրան արատավորող տեղեկություններ:

Միաժամանակ հաղորդագրություն է ուղարկել Գ. Ա.-ին, թե լուսանկարն ու տեղեկատվությունը կջնջի, եթե նա իրեն ուղարկի բջջային կապի լիցքավորման 2000 դրամանոց քարտի կոդ:

Գ.Ա.-ն Համոյին է ուղարկել հազար դրամանոց քարտի կոդ: Համոն իր հեռախոսը լիցքավորել է, Գ.Ա.-ի լուսանկարն ու տեղեկատվությունը ջնջել:

Սակայն մեկ օր անց նա նորից կայքում տեղադրել է Գ. Ա.-ի լուսանկարն ու հրապարակել արատավորող տեղեկությունները և կրկին նույն պահանջով հաղորդագրություն է ուղարկել:

Այս անգամ Գ. Ա.-ն դիմել է իրավապահներին:

Համո Օհանյանի անձը բացահայտվել է՝ չնայած նա քողարկվել էր ուրիշ անունով:

Հնարավոր է, որ Համոն չի պատկերացրել, որ ուրիշի անունով երկու հազարանոց լիցքավորման քարտ շորթելու համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: Սակայն շորթումը շորթում է՝ անկախ շորթված գումարի մեծությունից, և դա լուրջ հանցագործություն է համարվում:

Անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելով՝ գույքային բնույթի գործողություն կատարելու պահանջ ներկայացրած Համոյի արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում Համո Օհանյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել: Տուժողը քաղաքացիական հայց չի ներկայացրել:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը բնածին բարձր բարդության կարճատեսություն ունի և երրորդ խմբի հաշմանդամ է:

Համո Օհանյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 450 հազար դրամ տուգանքի: Սա արդեն 2-3 հազար դրամանոց լիցքավորման քարտ չէ, այլ իրական պատիժ է անհեթեթ թեթևամտությամբ ուրիշի անվան հետ խաղալու, դրանով գույքային օգուտ ստանալու համար: Նաև կարող է ուսանելի լինել նմանատիպ մտքեր ունեցող այլ համոների համար:

Դատավճիռը չի բողոքարկվել և ուժի մեջ է մտել:
1in.am