Ինչպես գրում է ԳԱԼԱ-ն, ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը մի քանի անգամ դիմել էր դատարանին, որպեսզի կայացնի բերման ենթարկելու որոշում, սակայն դատարանը չէր բավարարել նրա միջնորդությունը, ավելի շուտ` չէր քննարկել բերման ենթարկելու հարցը: Սակայն այսօր դատարանը որոշեց բավարարել այդ միջնորդությունը, եւ հինգ վկաներին՝ այդ թվում` Ղուկասյաններին, բերման ենթարկելու որոշում կայացրեց: Նշենք, որ երեկ դատարանում որպես վկա հարցաքննվել էր Վարդան Ղուկասյանի եղբայրը՝ Գեւորգ Ղուկասյանը, իսկ այսօր վկաներից ներկայացել էր Հ. Գրիգորյանը, ով ներկայացավ որպես ամբաստանյալ Հարություն Սարգսյանի ընկերուհի: Նա պատմեց, թե ինչ հարաբերությունների մեջ է եղել ամբաստանյալի հետ, երբ եւ ինչ պարբերականությամբ են հանդիպել, նշել է նաեւ, որ պատրաստվում էին Հարությունի հետ ամուսնանալ, որի մասին, սակայն, Հարությունի ծնողները տեղյակ չեն եղել: Կողմերը վկային որոշ հարցեր են ուղղել: Որից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հայտարարել է, թե վկայի ներկայիս ցուցմունքն ու նախաքննության ընթացքում տված ցուցմունքը էականորեն տարբերվում են իրարից եւ միջնորդել է դատարանին հրապարակել նախաքննական ցուցմունքը: Այն ընթերցվել է, որից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը նշել է, թե վկայի՝ Հարություն Սարգսյանի ընկերուհու ցուցմունքներում էական տարբերություններ չկան: Որից հետո դատարանը որոշում է կայացրել եւ բավարարել է ամբաստանյալի շահերի պաշտպանի՝ նախորդ նիստին ներկայացրած միջնորդությունը, այն է՝ բերման ենթարկել գործով 5 վկաներին: