Այս գործով դատավճիռը կայացվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ:

25-ամյա Արմեն Խառատյանը պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության մեջ էր: Նա ջոկի հրամանատար էր, կոչումով՝ սերժանտ:

2012 թվականի դեկտեմբերի 3-ին, ժամը 23-ի սահմաններում սերժանտ Խառատյանն իր համածառայողների՝ կրտսեր սերժանտ Գ. Վարդանյանի, շարքայիններ Գ. Հովսեփյանի և Արման Բադեյանի հետ գնացել է Վանաձորի «Դեղձանիկ» գիշերային բար-ռեստորան՝ հաճելի երեկո անցկացնելու:

Զինծառայողները գարեջուր են խմել ու զվարճացել պարուհիների պարերով:

Պարուհիների ընդհանուր պարի ժամանակ շարքային Բադեյանը չի դիմացել ու ցանկացել է անհատապես պարել պարուհիներից մեկի հետ:

Պարուհին մերժել է, խնդրել է իրեն չանհանգստացնել, երեկոն չխանգարել:

Բայց շարքային Բադեյանը համառություն է դրսևորել ու «պաշարել» պարուհուն:

Վերջինս աննահանջ երիտասարդից ազատվելու համար մոտեցել է գիշերային բարում ծառայություն իրականացնող ոստիկանին՝ Վանաձորի պահպանության բաժնի ոստիկան, սերժանտ Մ. Նահապետյանին: Խնդրել է, որ նա կարգի հրավիրի համառ «պարասերին»:

Սերժանտ Նահապետյանը մոտեցել է Բադեյանի սեղանին, նրան ու նրա սեղանակիցներին դիտողություն է արել: Ոստիկանության սերժանտ Նահապետյանի դիտողությունը բոլորովին դուր չի եկել զինծառայողներին, հատկապես՝ կոչումով մյուսներից բարձր՝ սերժանտ Արմեն Խառատյանին: Նա ոստիկանին պատասխանել է, թե իրենք իրենց շատ էլ նորմալ են պահում:

Խառատյանը, ըստ դատական ակտի, անհիմն վիճաբանության մեջ է մտել տվյալ դեպքում՝ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Նահապետյանի հետ, նրա նկատմամբ բռնություն է գործադրել, քաշքշել նրա համազգեստից:

Սերժանտ Նահապետյանը պահանջել է, որ սերժանտ Խառատյանը բաց թողնի իր համազգեստը, իջեցնի ձեռքը: Ի պատասխան՝ Արմեն Խառատյանը, ըստ դատավճռի, «ձեռքի բաց ափով հարվածել է ոստիկանի դեմքին, ֆիզիկական ցավ պատճառել նրան»:

Ներկաների, այդ թվում շարքային Բադեյանի միջամտությամբ սերժանտների վիճաբանությունը դադարեցվել է:

Բայց միջադեպը անհետևանք չի մնացել: Սերժանտ Արմեն Խառատյանին 2013 թվականի փետրվարի 1-ին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չբացակայելու մասին:

Ընդհանուրի իրավասության դատարանը մեղքը լիովին ընդունող ամբաստանյալ Խառատյանի միջնորդությամբ գործը քննել է արագացված ընթացակարգով:

Որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի են առնվել ամբաստանյալի կողմից մեղքն ընդունելը, զղջալը, արարքը խոստովանելը, նախկինում դատապարտված չլինելը: Որպես ծանրացնող հանգամանք հաշվի է առնվել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Արմեն Խառատյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 1 տարի ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Խառատյանը: Նա խնդրել է բեկանել դատավճիռը և գործն ուղարկել նույն ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու:
Լուսանկարում պատկերված է նյութի հետ առնչություն չունեցող անձ:
1in.am